«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստում քննադատել է քաղաքապետարանի ծախսերն ու կայանման թանկացումը:
Նա նշել է, որ տարատեսակ ճոխությունների վրա այս նոր իշխանության արած ծախսերը ավելացել են անգամներով, իսկ երբեմն՝ տասնապատիկ անգամներով, գրում է «Առավոտը»:
Նշելով, որ բյուջեի եկամուտները գալիք տարվա համար նախատեսված են 124 միլիարդ դրամ՝ Մարությանն ասել է, որ բյուջեյի եկամտային մասը աճել է, հիմնականում մեր վճարած բարձր գույքահարկերի հաշվին:
«․․․Այս տարի, օրինակ, միա՛յն տոնածառի լույսերի վառման արարողության վրա ծախսվել է ուշադրություն՝ 89 միլիոն դրամ։ Այսինքն, դա մնայուն ծախս չի, մեկանգամյա էֆեկտ ունի։ Համեմատության համար հիշեցնենք, որ 2018-ին ընդամենը 54 միլիոն դրամով մենք արել ենք 3 միջոցառում` այդ նույն լույսերի վառման արարողությունը, Նոր տարվա գիշերվա համերգը և հունվարի 6-ին սուրբծննդյան համերգ՝ Հանրապետության հրապարակում։ Կարող եք դիտել այն ժամանակվա տեսանյութերն ու համոզվել, որ ճոխությամբ ու ճաշակով այդ միջոցառումները չէին զիջում այս տարվան։ Ուրեմն, ի՞նչ է փոխվել, որ ավելի փոքր ծավալի միջոցառումը հիմա կազմակերպում են ավելի շատ փողով։ Կամ, ինչպես հայտնի ռեկլամում էր ասվում՝ ինչո՞ւ ավելի թանկ վճարել, եթե արդյունքը նույնն է։
Առավելևս, ա՛յն դեպքում, երբ մենք այս տարի մեր պատմության մեծագույն ողբերգություններից մեկն ենք տեսել, երբ երկրում ունենք հարյուր հազարավոր արցախցի փախստականներ, որոնց հարցերը դեռ հեռու են լուծված լինելուց։ Էլ չասած՝ հարցի բարոյական կողմը, թե ինչն ենք մենք ի վերջո տոնում այս բուռն տոնակատարություններով ու ճոխ հրավառություններով, ո՞ր մի հաջողությունը, ո՞ր մի հաղթանակը։ Ասում եք՝ երեխաների համար ենք անում։ Շատ լավ։ Ի՞նչ ուղերձ եք փոխանցում երեխաներին, ի՞նչ ենք սրանով սովորեցնում։ Որ երբ եղբորդ տունը ձեռքից խլում են ու իր տնից դուրս են անում, դու պետք է ձևացնես, թե չես նկատել ու շարունակես քեֆեր անե՞լ։ Դա ե՞նք սովորեցնում»,–ասել է Մարությանը։
Նա հավելել է, որ այս ամենը հաստատում է այն, ինչ ինքն ասել է 2 տարի առաջ․ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն ձախողել է հեղափոխական ռեֆորմները, ոչ միայն ձախողել է արտաքին ու ներքին քաղաքականությունը, այլև կորցրել է իր բարոյական օրիենտիրները։ Թեև նրանցից ոմանք դա երբեք չեն էլ ունեցել»։
Կարմիր գծերին անդրադառնալով՝ Մարությանը հարց է բարձրացրել, թե արդյո՞ք ունենք հանրային տրանսպորտի բավարար շարժակազմ, որպեսզի մարդիկ այսօր տարեկան 160 հազար մուծելու փոխարեն ի վիճակի լինեն տրանսպորտով իջնեն քաղաք, ինչի պատասխանն, ըստ նրա, ակնհայտ է՝ ոչ, չունենք։
«էդ ինչպե՞ս եղավ, որ դուք Կարմիր գծերի թանկացման որոշումն ընդունեցիք ընտրություններից անմիջապես հետո։ Ինչու՞ ընտրությունների շրջանում դրա մասին չէիք խոսում։ Պարզ է, չէ՞, թե ինչու։ Նույն պատճառով, որով 2021-ի ընտրություններից առաջ չէիք խոսում Արցախի հարցում սպասվող ողբերգական զարգացումների մասին։ Խոսում էիք Արցախի ինքնորոշման, Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի մասին, նույնիսկ ձեր նախընտրական ծրագրում նման կետ էիք մտցրել՝ հրաշալի իմանալով, որ դա անիրատեսական ծրագիր է։ Ի՞նչ եղավ 21 թվականի ընտրություններից մի քանի ամիս հետո՝ մոռացաք «ինքնորոշում» բառը, իսկ այսօր արդեն մոռացել եք Արցախ բառը։ Նույն պոպուլիզմն ու խաբեությունը հիմա է՝ ո՛չ մի բառ թանկացումների մասին ընտրություններից առաջ։ Չնայած, ձեզ էլ կարելի է հասկանալ, եթե ընտրություններից առաջ խոսեիք թանկացումների մասին, ձեզ քաղաքապետ նշանակելու հարցում նույնիսկ «Հանրային ձայնը» չէր օգնի»,–ասել է Մարությանը։
Երբ Մարությանը ցանկանում էր շարունակել իր ելույթը խոսելաժամանակից դուրս, քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ասելով, թե սա մոնոներկայացում չէ։
«Չէ, պարոն Մարության, սա մոնոներկայացում չէ, սա ավագանու նիստ է, կոնկրետ հարց ենք քննարկում»,–ասել է նա և կարգադրել անջատել խոսափողը։
Երևանի ավագանին ընդունել է ավտոկայանատեղիների տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։ Կողմ է քվեարկել ավագանու 32 անդամ, դեմ՝ 3–ը, ձեռնպահ չի եղել։ Երևանում սահմանվում են Ա և Բ գոտիներ:
Նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը. Ա գոտի՝ Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ, յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18,000 դրամ, մեկ տարվա համար՝ 160,000 դրամ։