ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Մոսկվան հուսով է, որ Բաքուն ու Երևանը որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կկնքեն։
Նա հավելել է՝ տեսնում են, որ երկու կողմն ունեն այդ քաղաքական կամքը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք իրոք արձանագրում ենք, որ երկրները շարժվում են դեպի խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի ավարտական փուլ։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։ Անշուշտ, ոչ ի վնաս որակի։ Ուստի մենք միասին սպասում ենք, թե երբ կավարտվի այդ աշխատանքը։ Գլխավորն այն է, որ տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն կողմերի մոտ՝ և Բաքվի, և Երևանի։ Եվ, անշուշտ, մենք դրան աջակցում ենք»,–ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ խաղաղության պայմանագրի կնքումն օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ՝ ամբողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության համար։
2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող վերադարձել է Հայաստան։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: