Porsche-ն ներկայացրել է իր երկրորդ՝ ամբողջովին էլեկտրական մոդելը` նոր Macan-ը

Porsche-ն ներկայացրել է իր երկրորդ՝ ամբողջովին էլեկտրական մոդելը` նոր Macan-ը

PanARMENIAN.Net - Porsche-ն ներկայացրել է իր երկրորդ՝ ամբողջովին էլեկտրական մոդելը: Նոր Macan-ը, որը համալրված է մինչև 470 կՎտ հզորությամբ ուժային ագրեգատով (639 ձ.ու., Macan էլեկտրական մոդելներ. էլեկտրաէներգիայի սպառումը *համակցված ցիկլում (WLTP)՝ 21.1 – 17.9 կՎտժ/100 կմ, CO արտանետումները* համակցված ցիկլում (WLTP)՝ 0 գ/կմ, ընթացքի էլեկտրական պաշարը *համակցված ցիկլում (WLTP)՝ 516 – 613 կմ, ընթացքի էլեկտրական պաշարը* քաղաքային պայմաններում (WLTP)՝ 665 – 784 կմ), ունի բարձր կատարողականություն ցանկացած տեղանքում և չափազանց արդյունավետ է ամենօրյա մեքենավարման համար: Սպորտային ավտոմեքենաներին բնորոշ կատարողականության ցուցանիշները համադրված են բարձր արդյունավետությամբ արագ լիցքավորման՝ մինչև 270 կՎտ հզորությամբ, ինչպես նաև մեծ՝ 613 կմ ընթացքի պաշարի (WLTP) հետ:

Թողարկումից տասը տարի անց Porsche-ն ներկայացնում է Macan-ի երկրորդ սերունդը՝ այս անգամ ամբողջովին էլեկտրական մոդելի տեսքով: Առաջադեմ, ժամանակի սահմաններ չճանաչող դիզայնով, Porsche-ին բնորոշ կատարողականությամբ, մեծ ընթացքի պաշարով և առօրյա գործնականության բարձր մակարդակով նոր Macan 4-ը և նոր Macan Turbo-ն նախագծված են՝ բավարարելու SUV նախընտրող Porsche հաճախորդների բոլոր պահանջները:

«Մենք տեղափոխում ենք Macan-ը բոլորովին նոր մակարդակի. բացառիկ էլեկտրական կատարողականություն, նոր վարորդական փորձ և չափազանց տպավորիչ դիզայն», - ասել է Porsche AG կառավարման խորհրդի նախագահ Օլիվեր Բլյումը՝ ելույթ ունենալով Սինգապուրում կայացած համաշխարհային պրեմիերայի կապակցությամբ:

«Ամբողջովին էլեկտրական Macan-ով մենք նպատակ ունենք առաջարկելու ամենասպորտային մոդելը այս սեգմենտում», - նշել է Յորգ Կերները՝ Macan մոդելային շարքի արտադրական գծով փոխնախագահը:

Porsche-ն օգտագործում է վերջին սերնդի սինքրոն (PSM) էլեկտրական շարժիչներն առջևի և հետևի սռնիների վրա՝ կատարյալ արդյունավետություն և ելքային հզորության օպտիմալ վերարտադրում ապահովելու համար: Ցուցանիշներն ինքնին խոսում են էլեկտրական կատարողականության բարձր մակարդակի մասին. Macan 4-ի պարագայում Launch Control-ով հավելուրդային հզորությունը կազմում է մինչև 300 կՎտ (408 ձ.ու., Macan 4. էլեկտրաէներգիայի սպառումը *համակցված ցիկլում (WLTP)՝ 21.1 – 17.9 կՎտժ/100 կմ, CO արտանետումները* համակցված ցիկլում (WLTP)՝ 0 գ/կմ, ընթացքի էլեկտրական պաշարը *համակցված ցիկլում (WLTP)՝ 516 – 613 կմ, ընթացքի էլեկտրական պաշարը* քաղաքային պայմաններում (WLTP)՝ 665 – 784 կմ), իսկ Macan Turbo-ի պարագայում՝ 470 կՎտ (639 ձ.ու., Macan Turbo․ էլեկտրաէներգիայի սպառումը *համակցված ցիկլում (WLTP)՝ 20.7 – 18.8 կՎտժ/100 կմ, CO արտանետումները* համակցված ցիկլում (WLTP)՝ 0 գ/կմ, ընթացքի էլեկտրական պաշարը *համակցված ցիկլում (WLTP)՝ 518 – 591 կմ, ընթացքի էլեկտրական պաշարը* քաղաքային պայմաններում (WLTP)՝ 670 – 765 կմ): Առավելագույն ոլորող մոմենտը կազմում է համապատասխանաբար 650 և 1,130 Նմ: Այս ամենով երաշխավորվում է բացառիկ կատարողականությունը: Macan 4-ի պարագայում արագացումը 0-ից 100 կմ/ ժամ տեղի է ունենում 5.2 վայրկյանում, իսկ Macan Turbo-ի դեպքում՝ 3.3 վայրկյանում: Երկու մոդելների առավելագույն արագությունը կազմում է համապատասխանաբար 220 և 260 կմ/ժ:

Նոր Premium Platform Electric (PPE) հարթակ՝ 800 վոլտանոց ճարտարապետությամբ

Էլեկտրական շարժիչներն իրենց էներգիան ստանում են թափքի հատակային հատվածում գտնվող լիթիում-իոնային մարտկոցից, որի համախառն ունակությունը կազմում է 100 կՎտժ, որից կարող է ակտիվորեն օգտագործվել մինչև 95 կՎտժ-ը: Բարձրավոլտ մարտկոցը 800 վոլտանոց ճարտարապետություն ունեցող նոր Premium Platform Electric (PPE)-ի գլխավոր բաղադրիչն է: Այս հարթակը Porsche-ն առաջին անգամ ներդրել է Macan մոդելում: Լիցքավորման ունակությունը հաստատուն հոսանքով (DC) կազմում է մինչև 270 կՎտ: Արագ լիցքավորման կայաններում մարտկոցը 10-ից մինչև 80 տոկոս լիցքավորվում է մոտ 21 րոպեում:

400 վոլտ հզորությամբ լիցքավորման կայաններում լիցքավորման մակարդակը 10-ից մինչև 80 տոկոս կարելի է ավելացնել մոտ 22 րոպեում. էլեկտրական կուտակիչի բարձրավոլտ փոխարկիչը թույլ է տալիս 800 վոլտանոց մարտկոցը բաժանել երկու մարտկոցի, որոնցից յուրաքանչյուրը դառնում է 400 վոլտանոց: Սա ապահովում է արդյունավետ լիցքավորում մինչև 135 կՎտ հզորությամբ՝ առանց հավելյալ բարձրավոլտ ուժեղարարի: Փոփոխական հոսանքով (AC) լիցքավորումը հնարավոր է մինչև 11 կՎտ հզորությամբ: Երթևեկության ընթացքում էլեկտրական շարժիչները ունակ են վերաօգտագործելու 240 կՎտ էներգիա: Ներկառուցված Power Box-ը (IPB) նույնպես բարձրացնում է Macan-ի նոր մոդելների արդյունավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնում է քաշը և տարածք է խնայում: Նորարարական և կոմպակտ IPB-ն իր մեջ համատեղում է երեք բաղադրիչ՝ ներկառուցված AC լիցքավորիչ, բարձրավոլտ ջեռուցիչ և DC/DC փոխարկիչ: Ընթացքի էլեկտրական պաշարը համակցված ցիկլում (WLTP) Macan 4 մոդելի համար կազմում է մինչև 613 կմ և Macan Turbo մոդելի համար՝ 591 կմ:

Սպորտային համամասնություններ և coupé մոդելներին բնորոշ ուրվագծեր

Ավելի հստակ համամասնությունների և Porsche դիզայնի ԴՆԹ-ի շնորհիվ նոր Macan մոդելներն ունեն դինամիկ և գերիշխող տեսք:

«Ամբողջովին էլեկտրական Macan-ով մենք ներկայացնում ենք առաջին Porsche-ն, որում արտադրանքի արդեն իսկ հաստատված ինքնությունից փոխառել ենք էլեկտրական տարբերակը», - ասել է Մայքլ Մաուերը՝ Porsche Styling-ի փոխնախագահը:

«Նոր Macan-ը հեշտությամբ կարելի է ճանաչել որպես Porsche ընտանիքի անդամ՝ ապրանքանիշին բնորոշ իր բնույթի շնորհիվ: Porsche-ի դասական համամասնությունները վերամշակվել և համապատասխանեցվել են էլեկտրական մոդելի նախագծման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար: Սա նպաստել է Macan-ի ավելի սպորտային, արդիական և դինամիկ տեսք ունենալուն: Դիզայնից ինքնին պարզ է դառնում, որ իր սեգմենտում Macan-ը մնում է որպես սպորտային մեքենա՝ նույնիսկ էլեկտրական տարբերակում»: Կապոտի թեթև թեքությունը և հստակ արտահայտված թևերը 4,784 մմ երկարություն, 1,938 մմ լայնություն և 1,622 մմ բարձրություն ունեցող ամենագնացին հաղորդում են դինամիկ տեսք՝ նույնիսկ ավտոմեքենայի անշարժ վիճակում: Նոր Macan-ը համալրված է 22 դյույմանոց անվահեցերով՝ տարալայն անվադողերով: Անվաբազան, որը 86 միլիմետրով ավելի երկար է, քան նախորդ մոդելինը (2,893 մմ), կոմպենսացվում է կարճ ցվիքներով՝ առջևում և հետևում: Գլխավոր լուսարձակները բաժանված են երկու մասի. հարթ վերևի բլոկը՝ չորս կետանոց ցերեկային լույսերով, ներկառուցված է թևերում և ընդգծում է ավտոմեքենայի լայնությունը: Գլխավոր մոդուլը, որն ունի օպցիոնալ մատրիցային տեխնոլոգիայով լուսադիոդային լուսարձակներ, տեղակայված է առջևում՝ մի փոքր ավելի ցածր: Porsche-ին բնորոշ ուրվագիծը միաձուլվում է հետևի տափակ պատուհանի հետ: Առանց շրջանակների դռներով համադրելու արդյունքում մեքենան ստանում է նրբագեղ սպորտային արտաքին տեսք: Porsche տարբերանշանը այժմ գտնվում է 3D լուսագծի կենտրոնական հատվածում:

Ակտիվ և պասիվ աերոդինամիկա՝ ընթացքի ավելի մեծ պաշարի համար

Porsche-ն համադրում է իր դիզայնի ԴՆԹ-ն աերոդինամիկայի հետ՝ ընթացքի պաշարն օպտիմալացնելու համար: Ակտիվ ու պասիվ տարրեր և 0.25 դիմադրության ցուցանիշ ունեցող Porsche Active Aerodynamics (PAA) համակարգի շնորհիվ նոր Macan-ը ամենաարդյունավետ ամենագնացներից մեկն է շուկայում: PAA համակարգը ներառում է ադապտիվ հետևի սփոյլեր, ակտիվ հովացնող սահափականներ առջևի օդամղիչների վրա և թափքի հատակի ճկուն ծածկեր՝ ամբողջությամբ փակ: Գլխավոր լուսարձակների մոդուլի ներքևում գտնվող օդապատվարները և առջևի հատվածի ցածր նստեցվածքը օպտիմալացնում են օդի հոսքը: Հետևում կողային եզրերն ու կողային դիֆուզորն ապահովում են աերոդինամիկ արդյունավետություն:

Երկու բեռնախցիկ և սրահի ավելի մեծ տարածք

Նոր Macan-ը կատարողականության վրա հիմնված ամենագնաց է, որն ունի առօրյա օգտագործման գործնականության բարձր մակարդակ, բարձրորակ սարքավորումներ և սրահի ընդարձակ տարածություն: Էլեկտրականացումը հանգեցրել է Macan-ի ուղեբեռի համար նախատեսված տարածքի ավելացմանը: Կախված մոդելից և տեղադրված սարքավորումներից՝ հետևի բեռնախցիկի ծավալը մինչև 540 լիտր է (բեռնված ռեժիմ): Բացի այդ, կապոտի տակ գտնվում է երկրորդ բեռնախցիկը՝ 84 լիտր ծավալով: Սա 136 լիտրով ավելի է նախորդ մոդելից։ Երբ հետևի նստատեղը ամբողջությամբ ծալվում է, հետևի բեռնախցիկի ծավալը մեծանում է մինչև 1348 լիտր: 2000 կգ առավելագույն քաշող ուժի հզորությունը լրացնում է նոր Macan-ի բացառիկ գործնականությունը:

Կախված մոդելից և սարքավորումներից՝ վարորդն ու առջևի ուղևորն այժմ նստում են նախկինից 28 մմ-ով ցածր, իսկ հետևի ուղևորները՝ 15 մմ-ով ցածր՝ ոտքերի համար նախատեսված մեծ տարածքի շնորհիվ: Ինտերիերն անկասկած բնորոշ է Porsche-ին. խցիկի լայնությունն ընդգծված է ներկառուցված սև վահանակով: Բարձրացող կենտրոնական վահանակն ուժեղացնում է ցածր և կատարողականությանն ուղղված դիրքի տպավորությունն ավտոմեքենայում: Միևնույն ժամանակ մեծ պատուհանները սրահում ստեղծում են թեթևության և ազատ տարածության զգացողություն: Ի լրումն ժամանակակից թվային ինտերֆեյսների՝ կան նաև առանձին անալոգային կառավարման տարրեր, օրինակ՝ օդափոխության անցքերի և օդորակման կառավարման մարմինների վրա: Խցիկի և դռների ներդիրներում ներկառուցված է լուսադիոդային ժապավեն, որն ապահովում է թույլ լուսավորություն, ինչպես նաև հաղորդակցման լույս է: Կախված իրավիճակից՝ այն տեղեկացնում է կամ նախազգուշացնում, օրինակ՝ լիցքավորման մասին: Նոր Macan-ի սարքավորումներն ապահովում են նաև անհատականացման բարձր աստիճան: Porsche-ն նաև նպատակ ունի օգտագործելու էկոլոգիապես ավելի մաքուր նյութեր: Նման նյութեր են օգտագործվել նաև ամբողջովին էլեկտրական նոր Macan-ի սրահի տարբեր հատվածներում:

Driver experience. բարձր հաշվարկային կատարողականություն և միացման հնարավորություններ

Macan-ը համալրված է վերջին սերնդի դիսփլեյ և երեք ցուցասարք ունեցող կառավարման հայեցակարգով, որը ներառում է 12,6 դյույմանոց կոր դիզայնով սարքերի վահանակը և 10,9 դյույմանոց կենտրոնական էկրանը: Առաջին անգամ իր համար նախատեսված օպցիոնալ 10,9 դյույմանոց էկրանի վրա կարող է տեղեկատվությունը դիտել նաև ուղևորը, անել տեղեկատվական-ժամանցային համակարգի կարգավորումներ կամ դիտել տեսանյութ, երբ մեքենան շարժման մեջ է: Առաջին անգամ Porsche Driver Experience-ը ներառում է իրականության տպավորություն ստեղծող տեխնոլոգիայով (անգլ. augmented reality, AR) համալրված էկրան: Վիրտուալ տարրերը, ինչպիսիք են՝ նավիգացիոն սլաքները, տեսողականորեն հեշտությամբ ինտեգրվում են իրական աշխարհին: 10 մետր հեռավորության վրա գտնվող պատկերը հայտնվում է վարորդի առջև և համապատասխանում է 87 դյույմանոց էկրանի չափերին։ Նոր սերնդի տեղեկատվական-ժամանցային համակարգի հիմքում է Android Automotive OS համակարգը: Porsche-ի ստանդարտ Communication Management (PCM) համակարգը նոր Macan-ում նոր մակարդակի է հասցնում հաշվարկային կատարողականությունը: Օրինակ, «Hey Porsche» ձայնային օգնականը կայծակնային արագությամբ առաջարկում է երթուղիներ, ներառյալ՝ կանգառները լիցքավորման համար: Նոր Porsche App Centre-ում ուղևորների համար հասանելի են երրորդ կողմ հանդիսացող մատակարարների հավելվածները, որոնք կարող են ներբեռնվել և տեղադրվել անմիջապես նոր Macan-ում:

Հետևի քարշակ համակարգով առաջին Macan-ը

Porsche-ն մշակել է Macan-ը` հատուկ ուշադրություն դարձնելով Porsche-ին բնորոշ վարման դինամիկային և ղեկակառավարման յուրօրինակ զգացողությանը:

«Նստատեղերի առանձնահատուկ սպորտային դիրքով և ցածր ծանրության կենտրոնով, ինչպես նաև իր տպավորիչ շարժման դինամիկայով և ղեկի ճշգրտությամբ՝ նոր Macan-ը իսկական սպորտային մեքենայի զգացողություն է ստեղծում», - նշel է Յորգ Կերները՝ Macan մոդելային շարքի արտադրական գծով փոխնախագահը:

Macan 4-ը և Macan Turbo-ն համալրված են լիաքարշակ համակարգով: Երկու էլեկտրական շարժիչներն էլ կառավարվում են ուժային էլեկտրոնիկայով գրեթե իրական ժամանակում: Էլեկտրակառավարվող Porsche Traction Management (ePTM) համակարգն աշխատում է գրեթե հինգ անգամ ավելի արագ, քան ստանդարտ լիաքարշակ համակարգը: Բացի այդ լիաքարշակ համակարգի բաշխումը կառավարվում է ընտրված վարելու ռեժիմով: Porsche Torque Vectoring Plus (PTV Plus) համակարգը նույնպես նպաստում է Macan Turbo-ի ճանապարհածածկի հետ կցորդմանը, վարելու կայունությանը և լայնական դինամիկային:

Macan մոդելների ստանդարտ համալրման մաս է կազմում պնևմատիկ կախոցը, ներառյալ՝ Porsche Active Suspension Management (PASM) համակարգը: Այս ամենը կարող է համադրվել որպես օպցիա հասանելի պողպատե զսպանակներով կախոցի հետ: PASM-ն այժմ օժտված է երկփականային ցնցամեղմիչներով: Սա ապահովում է հարմարավետության և կատարողականության ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև ավելի նկատելի է դարձնում տարբերությունը մեքենայի վարման տարբեր ռեժիմների միջև: Առաջին անգամ Macan-ի համար առաջարկվում է օպցիոնալ հետևի քարշակ համակարգ: Շրջադարձի առավելագույն անկյունը կազմում է հինգ աստիճան: Սա թույլ է տալիս 11.1 մետր շառավղով շրջադարձ կատարել քաղաքային պայմաններում վարելու ընթացքում և մանևրելու ժամանակ, միևնույն ժամանակ ապահովելով բացառիկ կայունություն բարձր արագությունների դեպքում։ Սրան նպաստում է հետևողական և ճշգրիտ առջևի քարշակումը, ինչով հայտնի է ապրանքանիշը:

2014-ից ի վեր Porsche-ն ամբողջ աշխարհում մատակարարել է ավելի քան 800,000 Macan մոդել: Այս հաջողության պատմությունը կշարունակվի, երբ ասպարեզ կգա նրա ամբողջովին էլեկտրական իրավահաջորդը, որը Porsche Լայպցիգի գործարանում արտադրվում է ածխածնի զրոյական արտանետումներով: Նոր մոդելներն առաջին հաճախորդներին կմատակարարվեն այս տարվա երկրորդ կեսին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---