Կոլոմինա․ Երևանի և Բաքվի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն

Կոլոմինա․ Երևանի և Բաքվի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն, հայտնում է Արմենպրեսը։

Կոլոմինան նշել է, որ իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքի նկատմամբ հարգանքը, որը դրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում։

Կոլոմինան ասել է, որ կցանկանային, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեն։ Նա ընդգծել է բանակցային տարբեր ձևաչափերը՝ երկկողմ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձևաչափերը, և շեշտել, որ աջակցում են նաև երկկողմ ձևաչափին։

«Մեզ համար ամենակարևորը վերջնական արդյունքն է, թե կա՞ արդյոք կայուն խաղաղություն, որովհետև դա շատ կարևոր կլինի Կովկասի կայունության համար», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ շեշտելով՝ ՆԱՏՕ-ն կաջակցի այն ամենին, ինչն, ի վերջո, կբերի խաղաղության:

«Մենք կարծում ենք, որ սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, հիմնարար են։ Դա այն սկզբունքներից է, որը մեզ համար շատ կարևոր է։ Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ սկզբունքների հետ մեկտեղ սահմանների սահմանազատումը, փոխկապակցվածությունը, այն սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում, պետք է լինեն գործընթացի մաս, եթե, իհարկե, երկու կողմերը չորոշեն փոխել այդ սկզբունքները և ունենալ այլ սկզբունքներ։ Բայց համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն», - ասել է Կոլոմինան։

Անդրադառնալով Հայաստան կատարած այցին՝ Կոլոմինան ասել է, որ շատ գոհ են Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից։

«Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար­ ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Կոլոմինան ընդգծել է, որ այցը պետք է տարածաշրջանային լիներ, սակայն Երևանից հետո Բաքու չմեկնեց, քանի որ Ադրբեջանը հունվարի սկզբին հետաձգեց այցը՝նախագահական ընտրությունների պատճառով։

«Մենք արդեն աշխատել էինք երկու մայրաքաղաքների հետ, որպեսզի այն տարածաշրջանային դառնա, բայց հունվարի սկզբին Ադրբեջանը որոշեց հետաձգել այցը նախագահական ընտրությունների պատճառով, ուստի ես չկարողացա փոխանցել այն մեսիջները, որոնք պատրաստվում էի փոխանցել։ Այդ ուղերձներից մեկը շատ հստակ էր՝ մենք ակնկալում ենք, որ դուք կվերսկսեք խաղաղ բանակցությունները որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---