Ալիև․ Խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխի Սահմանադրությունը

Ալիև․ Խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխի Սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և «հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»։ Այդ մասին Ալիևն ասել է Բաքվում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպմանը։

Ալիևը նաև ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե–ֆակտո խաղաղություն կա և արդեն մի քանի ամիս է՝ երկու երկրի սահմաններին խաղաղ իրավիճակ է։

«Բայց այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել և վերջ դնել Հայաստանի տարածքային պահանջներին Ադրբեջանից»,–ասել է նա, գրում է Interfax-ը։

Ալիևը հավելել է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը ՀՀ հետ Ղարաբաղի տարածաշրջանի միացման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղիղ կոչեր է պարունակում, իսկ այդ փաստաթղթի վրա հղումներ կան նաև ՀՀ Սահմանադրության մեջ։

«Բացի այդ, ՀՀ մյուս իրավական և նորմատիվ փաստաթղթերում ևս կան Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ, բազմաթիվ կոնվենցիաներում, որոնց միացել է Հայաստանը, և այլ փաստաթղթերում բազմաթիվ վերապահումներ կան, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի հանդեպ»,–ասել է նա։

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարել է նա։

Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---