Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման եթերում, խոսելով անվտանգային հարցերի և նոր սահմանադրության անհրաժեշտության մասին, ասել է, որ Անկախության հռչակագրի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորել։
Նա համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանի պետական քաղաքականությունն առաջնորդվի և ելնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշումից, խաղաղություն երբեք չի լինի:
«Մեր հռչակագրի դրույթները որո՞նք են: Երեք անկյունաքարային դրույթ կա: Հռչակագիրն ի՞նչ է, մենք հռչակում ենք, հռչակել ենք, թե մենք ինչի համար ենք պետություն ստեղծում, որովհետև հռչակագիրը նրա մասին է, որ մենք սկսում ենք անկախ պետություն ունենալու գործընթաց: Եվ երեք ուղենիշ ենք նշում մենք, մեկը՝ պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի վերամիավորման որոշումները: Մենք օրինակ՝ միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ մենք ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարևանները ո՞նց են ընկալում: Ո՞նց են ընկալում այս բանը, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականգնենք:
Ի՞նչ է նշանակում պատմական արդարությունը վերականգնել: Եկեք պատկերացնենք ուղղակի, թե մենք եթերում չենք, Դուք որպես քաղաքացի, պատմական արդարությունը ո՞նց ենք ընկալում, կամ կներեք, ես Ձեզ դժվար վիճակի մեջ չդնեմ, նույնիսկ էական չէ՝ ոնց ենք ընկալում, մեր միջավայրը ո՞նց է ընկալում պատմական արդարությունը: Ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, ՀԽՍՀ տարածքում հռչակում է անկախություն և ասում է, որ մենք պետք է վերականգնենք պատմական արդարությունը, կամ գուցե հռչակագրի ձևակերպումը մի փոքր այլ կերպ է»,–ասել է նա։
Փաշինյանը հարց է բարձրացրել, թե ինչպես է ընկալում մեր միջավայրն այդ մեր ուղերձները:
«Մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը ոնց է ընկալում, Թուրքիան ոնց է ընկալում, իսկ ինչի՞ հարց չենք տալիս՝ Վրաստանը ո՞նց է ընկալում: Ինչի՞ մենք մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի և ոչ թե Հայաստանի հետ: Կապ կարո՞ղ է սա ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում:
Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է այդ ուղերձով առաջնորդվեն և պետք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ, որովհետև էլի եմ ասում՝ տնտեսությունը տեսեք ինչ լավ աճում է, հիմա մեր բանակը կուժեղացնենք, և ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ մենք բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում: Այսինքն՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք և գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք: Երկրորդ պահը՝ այն, ինչ ես ասում եմ, իմ ասած այս խոսույթի զարգացումը և ընկալումը ժողովրդի շրջանում, դա Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե թուլացնելու է: Միանշանակ Հայաստանն ուժեղացնելու է»,–ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա կամ քիչ խնդիր կունենանք կամ մենք զենք ներմուծելիս էլ քիչ խնդիր կունենանք, որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իր համար:
«Պատկերացնո՞ւմ եք՝ մենք ուրիշի տարածքով զենք ենք բերում, մարդը պիտի մտածի՝ լավ, այս զենքը թողնեմ անցնի, սա գնում է, ինձ վրա հարձակվում է, ինչի՞ թողնեմ ես: Մենք անընդհատ ամեն ինչ նայում ենք Ադրբեջանի, Թուրքիայի տրամաբանությամբ: Հայրենասիրության մոդելի խնդիր կա, որովհետև մեզ թվում է, որ այս աշխարհում մենք ենք, Թուրքիան ու Ադրբեջանը, «Մենք ենք մեր սարեր»-ի մենք ենք, Ավստրիան ու Ամերիկան: Հիմա շատ հետաքրքիր բան է՝ մենք միշտ այդ եռանկյունու, այն դեպքում Սովետական Միությունն էր մենք, հիմա մենք ենք՝ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանն ու Թուրքիան, վերջ էլ ուրիշ երկիր չկա աշխարհում: Այս նրբությունների մասին եմ ես ասում»,–ասել է վարչապետը։