Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներից։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասել է, որ վարույթներով 3 անձ կալանավորված է, ևս 3-ը՝ տնային կալանքի տակ է, տեղեկացնում է Factor.am-ը։
«ՀՀ ՔԿ կողմից հունվարի 31-ին հրապարակված հաղորդագրության մեջ նշված քրեական վարույթներից մեկով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը՝ պաշտոնատար անձինք, 3-ը՝ այլ։ Դատարան ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդությունից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։
Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, մյուսով կալանքը կիրառվել է 1 ամսով։ Ընդհանուր առմամբ, 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Մյուս քրեական վարույթով հունվարի 31-ին ձերբակալված պաշտոնատար անձի նկատմամբ ևս, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, դատարանը որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը»,- ասել է նա։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից մոտ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: