Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ` հրապարակելով հանձնախմբի նախնական կազմում ընդգրկված անդամների անունները։
Նրանք են․ Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008), Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան, Կարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Հայաստան, Մարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, Արգենտինա, Գասպար Կարամպետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, Բելգիա, Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ։
Հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից:
Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հետապնդումը և պաշտպանությունը։
Նշվում է, որ Հանձնախումբը բազմակողմանի գործունեություն է ծավալելու միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու, ծանոթացնելու, հիմնավորելու և հետապնդելու Արցախի ժողովրդի խնդիրները, շահերը և իրավունքները։
Հանձնախումբը, վերը նշված նպատակների կյանքի կոչման համար, մշտական ու հետևողական աշխատանք է իրականացնելու արցախահայության, Հայաստանի հանրության ու Սփյուռքի հայրենակիցների հետ՝ նպատակ ունենալով կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ակադեմիական և փորձագիտական շրջանակների:
Հանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական և քաղաքական մարմինների առաջ, ինչպես նաև միջազգային ատյաններում, համաժողովներում և միջազգային դատարաններում։
«Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները և քաղաքական բոլոր ուժերը աջակցության և համագործակցության պատրաստակամություն կցուցաբերեն Հանձնախմբի գործունեությանը: Հանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր յուրաքանչյուրի և բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել՝ համապատասխան լիազորություն ստացած այս հանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում»,–ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։