Խաչատուրյանն ու Հունգարիայի վարչապետը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հարցը

Խաչատուրյանն ու Հունգարիայի վարչապետը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հարցը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Կողմերը երկուստեք կարևորել են Հայաստան-ԵՄ արդյունավետ գործընկերության խորացումը, շեշտել ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ հետագա քայլերի շարունակականության նշանակությունը:

Խաչատուրյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասել է․«Պարոն վարչապետ, մենք դժվար ժամանակներ ենք հաղթահարել և հիմա պատրաստ ենք ջանքեր ներդնել մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այդ թվում նաև նկատի ունենալով այն, որ Հունգարիան առաջիկայում ստանձնում է Եվրամիության նախագահությունը: Հուսով եմ, որ Եվրամիության և միջազգային այլ հարթակներում մենք կունենանք արդյունավետ համագործակցություն»:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգային հարցեր: Նախագահը վերահաստատել է կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային փոխգործակցության խթանման և առկա ներուժի լիարժեք իրականացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Հայաստանի նախագահը և Հունգարիայի վարչապետն ընդգծել են, որ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր գրավականներից է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությունն ու նոր կապերի հաստատման ուղղությամբ ջանքերի ներդրումը:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Բուդապեշտում է՝ հարաբերությունների վերականգնումից հետո սա բարձրագույն մակարդակի առաջին այցն է։ Խաչատուրյանը Հունգարիայի նախագահի նստավայր՝ Շանդոր պալատում հանդիպել է նախագահ Կատալին Նովակի հետ:

Հայաստանը և Հունգարիան գործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այն ստորագրվել է պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի ներկայությամբ։ Հայկական կողմից այն ստորագրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ հունգարական կողմից՝ Հունգարիայի մշակույթի և նորարարությունների նախարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---