Porsche-ն թարմացրել է Taycan մոդելային շարքը

Porsche-ն թարմացրել է Taycan մոդելային շարքը

PanARMENIAN.Net - Porsche-ն թարմացրել է Taycan մոդելային շարքը: Նոր տարբերակներն ավելի հզոր են, ունեն ընթացքի ավելի մեծ պաշար, ինչպես նաև բարելավվել են արագացման ցուցանիշներն ու լիցքավորման տևողությունը: Իր հերթին, Style Porsche-ն կատարելագործել է դիզայնը՝ ավելի տարբերվող դարձնելով Turbo մոդելները: Բոլոր Taycan մոդելների ստանդարտ համալրումն ընդլայնվել է․ այն նաև ներառում է Porsche Driver Experience-ի նոր սերունդը՝ բարելավված կառավարման հայեցակարգով և դիսփլեյով:

Շտուտգարտ. Թափքի բոլոր երեք տեսակները, այդ թվում՝ Taycan սպորտային սեդանը, բազմաֆունկցիոնալ Taycan Cross Turismo-ն, որը հասանելի է արտաճանապարհային փաթեթով, և, իհարկե, սպորտային, միաժամանակ՝ նաև պրակտիկ, Taycan Sport Turismo-ն կներառեն բազում մոդիֆիկացիաներ: Նոր տարբերակները կժամանեն Porsche Կենտրոններ 2024 թվականի գարնանը:

Սերիական արտադրության անցնելու ճանապարհին մշակող ինժեներները և փորձարկող վարորդները աշխարհով մեկ քողարկված թեստային ավտոմեքենաներով անցել են 3.6 միլիոն կիլոմետր ճանապարհ Porsche-ի առաջին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի կատարելագործումը շարունակելու համար: Սպորտային ավտոմեքենաներ արտադրողը թողարկել է Taycan մոդելի գրեթե 150,000 նմուշ: Ներկայումս Taycan-ի համար ամենակարևոր առանձին շուկաներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Չինաստանը:

«2019-ի վերջին՝ Taycan-ի թողարկմամբ, մենք սկիզբը դրեցինք էլեկտրական շարժունակության (e-mobility) նոր դարաշրջանին: Այն անմիջապես փոխեց խաղի կանոնները և դարձավ նորարարության առաջնամարտիկը էլեկտրական ավտոմեքենաների սեգմենտում։ Ներկայացնելով նոր, բարելավված Taycan-ը՝ մենք շարունակում ենք այս հաջողության պատմությունը: Մոդելային շարքը նոր բարձունքների է հասել կատարողականության, բացառիկ վարման դինամիկայի և վարելուց ստացված հաճույքի տեսանկյունից: Միաժամանակ մենք կարողացել ենք զգալիորեն բարելավել արդյունավետությունը, ընթացքի պաշարը և ամենօրյա օգտագործման ու հարմարավետության մակարդակը»,– նշել է մոդելային շարքի գծով փոխտնօրեն Քևին Գիկը:

Կատարողականության ավելի բարձր մակարդակ

Բոլոր նորացված մոդելներն ավելի արագ են թափ հավաքում, քան իրենց նախորդները: Ներկայացնենք երկու օրինակ. Taycan և Taycan Turbo S սպորտային սեդանները 0-ից 100 կմ/ժ արագություն են զարգացնում համապատասխանաբար 4.8 և 2.4 վայրկյանում: Այսպիսով, նախորդ մոդելների հետ համեմատած արագացման ժամանակը կրճատվել է 0.6 և 0.4 վայրկյանով:

Sport Chrono փաթեթի նոր push-to-pass ֆունկցիայի (hասանելի է Performance Battery Plus-ի հետ համատեղ, hասանելի չէ Taycan-ի և Taycan Sport Turismo-ի կամ Taycan 4 Cross Turismo-ի 2WD մոդելների համար) շնորհիվ կոճակի մեկ հպումով հզորությունը կարելի է ավելացնել մինչև 70 կՎտ (կախված մոդելից): Արագացման բարձր ցուցանիշները հիմնականում համակարգի ավելի բարձր արդյունավետության արդյունք են: Օրինակ, ստանդարտ Taycan-ը արտադրում է 60 կՎտ-ով ավելի շատ հզորություն, քան նախկինում: Launch Control-ով Taycan Turbo S-ի համար այս ցուցանիշը կազմում է հավելյալ 140 կՎտ: Ամենաթոփ մոդելի համակարգի հզորությունն ավելացել է մինչև 700 կՎտ/ 952 ձ.ու.:

Նախորդ մոդելի համեմատ 35 տոկոսով ավելի մեծ ընթացքի պաշար

Կախված թափքի և շարժիչի տեսակից, ընթացքի պաշարը (WLTP) հասնում է մինչև 678 կմ, ինչը 175 կմ-ով կամ 35 տոկոսով ավելի է քան նախորդ մոդելների պարագայում: Երկար ուղևորությունների ժամանակ նորացված Taycan-ով ոչ միայն ավելի քիչ կանգառներ անհրաժեշտ կլինեն լիցքավորման համար, այլ դրանք կլինեն ավելի կարճատև. 800 վոլտ հզորությամբ հաստատուն հոսանքով լիցքավորման կայաններում այն կարելի է լիցքավորել մինչև 320 կՎտ հզորությամբ: Դա 50 կՎտ-ով ավելին է, քան նախկինում: Նոր մարտկոցի արագ լիցքավորման պատուհանը զգալիորեն ընդլայնվել է: Սա նշանակում է, որ 300 կՎտ-ից բարձր լիցքավորման հզորությունը կարող է պահպանվել ավելի քան հինգ րոպե, նաև լիցքավորման մեծ հզորության կարելի է հասնել նույնիսկ ցածր ջերմաստիճանների պարագայում:

Taycan-ի առաջին սերնդի պարագայում 10-80 տոկոս լիցքավորման ժամանակը կազմում էր 37 րոպե՝ 15°C պայմաններում: Նորացված Taycan-ի պարագայում, չնայած մարտկոցի ավելի մեծ ունակությանը, այդ ցուցանիշը նույն պայմաններում կազմում է 18 րոպե: Performance Battery Plus մարտկոցի համախառն ունակությունն այժմ կազմում է 105 կՎտ՝ նախկին 93 կՎտ-ի փոխարեն:

Նոր ակտիվ հենասարք

Բոլոր նորացված Taycan մոդելների ստանդարտ համալրման կազմում առկա է ադապտիվ պնևմատիկ կախոցը: Նոր Porsche Active Ride հենասարքը հասանելի է պատվերով՝ որպես օպցիա լիաքարշակ համակարգով տարբերակների համար: Այս համակարգն ապահովում է աննախադեպ դինամիկա և հարմարավետություն:

Հենասարքը մշտապես կայուն է պահում Taycan-ի թափքը, նույնիսկ դինամիկ արգելակման, շրջադարձերի և արագացման մանևրների ժամանակ: Համակարգը գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է ցնցումները, ինչի արդյունքում ապահովվում է սահուն ընթացք: Դինամիկ վարման իրավիճակներում Porsche Active Ride համակարգն ապահովում է նաև գերազանց կցորդում ճանապարհածածկի հետ՝ շնորհիվ անիվների վրա բեռնվածքի հավասարաչափ բաշխման: Ճիշտ ռեժիմը ակտիվացնելու պարագայում հենասարքը կարող է կոմպենսացնել ճոճը և կողաթեքումը, որպեսզի նվազեցնի արագացման ուժերի ազդեցությունը ուղևորների վրա:

Արդյունավետության բարձրացմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ

Կատարողականության և արդյունավետության մակարդակի միաժամանակյա բարձրացումը կախված է մի շարք գործոններից, որոնք են՝ հետևի սռնու վրա տեղակայված շարժիչով առաջադեմ փոխհաղորդակ՝ 80 կՎտ ավել հզորությամբ, քան նախորդ բոլոր մոդելներինը, փոփոխված իմպուլսային ինվերտոր՝ օպտիմալացված ծրագրային ապահովմամբ, ավելի հզոր մարտկոցներ, մոդիֆիկացված ջերմակարգավորիչ, նոր սերնդի ջերմային պոմպ և ռեկուպերացիայի ու լիաքարշակ համարգի վերափոխված ռազմավարություն:

Ռեկուպերացիայի առավելագույն հզորությունը բարձր արագությունների ընթացքում արգելակելիս աճել է ավելի քան 30 տոկոսով՝ 290 կՎտ-ից հասնելով 400 կՎտ-ի: Մոդելի բոլոր տարբերակների ստանդարտ համալրման կազմում են աերոդինամիկայի տեսանկյունից օպտիմալացված անիվները և գլորման ցածր դիմադրությամբ անվադողերը: Նոր 21 դյույմանոց անիվներն ու անվադողերը հատուկ մշակված են հենց այս նպատակի համար:

Զգալիորեն բարելավված սարքավորում՝ ավելի պակաս քաշով

Չնայած, որ մոդելների քաշը նվազել է 15 կիլոգրամով, ստանդարտ համալրման շրջանակն ավելի լայն է, քան նախկինում․ թույլ լուսավորություն, հետևի տեսարանի տեսախցիկով ParkAssist համակարգ, էլեկտրական ծալվող արտաքին հայելիներ՝ շրջապատի լուսավորությամբ, տաքացվող առջևի նստատեղեր, Porsche Intelligent Range Manager (PIRM), ջերմային պոմպ՝ սառեցման նոր համակարգով, սմարթֆոնի լիցքավորիչ-տակդիր, էլեկտրական լիցքավորման միակցիչներ վարորդի և առջևի ուղևորի կողմում, Drive Mode վարելու ռեժիմների փոխարկիչ և Power Steering Plus – այս ամենը ներառված է մոդելների ստանդարտ համալրման մեջ:

Taycan բազային մոդելներն այժմ նաև համալրված են ադապտիվ պնևմատիկ կախոցով և դռնաշեմերի ալյումինե պաշտպանիչ ներդիրներով: Ի լրումն արդիականացված սարքավորման՝ բարելավված համալրման կազմում է նաև ավելի մեծ ունակությամբ մարտկոցը՝ ավելի թեթև քաշով:

Էլ ավելի գրավիչ դիզայն

Ավտոմեքենայի առջևի և հետևի նոր դիզայնի, ինչպես նաև նոր, գլխավոր լուսարձակների և հետևի լույսերի շնորհիվ Style Porsche-ի մասնագետներն էլ ավելի են կատարելագործել Taycan-ի պարզ և լակոնիկ արտաքին տեսքը: Նոր առջևի թևերը և ավելի հարթ լուսարձակներն էլ ավելի են ընդգծում Taycan-ի լայնությունը:

Նոր լուսարձակները սարքավորված են մանրամասնված օպտիկայով հագեցված բարձր կետայնությամբ HD մատրիցային տեխնոլոգիայով և այժմ գիշերային ժամերին արտացոլում են ապրանքանիշին բնորոշ՝ Porsche ապրանքանշանի չորս կետանոց գրաֆիկան։

Ի թիվս այլ ուշագրավ հատկությունների՝ Turbonote-ի շեշտված գույնը Turbo և Turbo S մոդելներն առանձնացնում է այլ տարբերակներից ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից:

Կառավարման և պատկերման թարմացված հայեցակարգ

Սարքերի վահանակը, կենտրոնական դիսփլեյը և ուղևորի համար նախատեսված օպցիոնալ ցուցասարքն ունեն օպտիմալացված ինտերֆեյս՝ հավելյալ ֆունկցիաներով: Ղեկանվի վրայի ռեժիմների փոխարկիչն այժմ ներառված է ստանդարտ համալրման մեջ: Sport Chrono փաթեթով և Performance Battery Plus-ով համալրված Taycan-ներում փոխարկիչի վրա առկա է հատուկ push-to-pass կոճակը:

Ղեկանվի ետևի ձախ կողմում գտնվող կառավարման լծակն օգտագործելը վարորդի համար առավել ինտուիտիվ է դարձնում օժանդակող համակարգերի կառավարումը:Apple CarPlay-ն ավելի խորն է ինտեգրված ավտոմեքենայի ցուցասարքերում և ֆունկցիաներում: Նոր In-Car Video ֆունկցիան թույլ է տալիս տեսանյութեր հեռարձակել կենտրոնական, ինչպես նաև ուղևորի համար նախատեսված դիսփլեների վրա:

Լրացուցիչ տեղեկությունները, ինչպես նաև տեսանյութերը և լուսանկարները հասանելի են Porsche Newsroom-ում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---