Փաշինյան. Այս պահին կառավարությունը չունի նոր Սահմանադրության փաթեթ, որը դրվելու է քննարկման

Փաշինյան. Այս պահին կառավարությունը չունի նոր Սահմանադրության փաթեթ, որը դրվելու է քննարկման

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ այս պահին կառավարությունը չունի նոր Սահմանադրության փաթեթ, որը դրվելու է քննարկման։

«Դա լավ է, քանի որ նախ պետք է այդ գաղափարը կարևորվի, որից հետո էլ անցում կատարվի դրա ձևավորմանը։ Մյուս կողմից էլ, ավանդույթ կա, որ սահմանադրությունը հարմարեցվում են գործող կառավարող թիմին կամ ղեկավարին, մեր մտադրությունները էդպիսին չեն և չեն կարող լինել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա»,- նշել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով չորրորդ Հանրապետություն ձևավորելու գործընթացին մասին խոսույթին վերաբերող պարտգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ երբ թվագրվում են հանրապետությունները Ֆրանսիայի օրինակով՝ Առաջին Հանրապետություն, Երկրորդ, Երրորդ Հանրապետություն և այլն, մեծ հաշվով նկատի է առնվում սահմանադրության փոփոխությունը կամ սահմանադրական օրենքի և կարգի փոփոխությունը։ Այսինքն՝ խոսքը այս տրամաբանության մասին է, ոչ թե ինչ-որ բան ջնջելու կամ նորից ստեղծելու։

«Չորրորդ հանրապետություն ասելով, ներքին իմաստով, ես նկատի ունեմ ընդունված նոր սահմանադրություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից և, անգամ նրանք, ովքեր դեմ են քվեարկում՝ ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել Սահմանադրությանը։ Ես անգամ չեմ քննարկի այն խոսույթը, որ իշխանությունը պատրաստվում է կեղծել սահմանադրական հանրաքվեն։ Մեր կառավարման օրոք երբեք ընտրակեղծիք տեղի չի ունեցել, բայց եթե անգամ մեր կառավարման օրոք ինչ-որ մեկը նման խնդիր դնի՝ չի կարողանա դա անել»,- ասել է Փաշինյանը։

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։

Փետրվարի 1–ին Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման եթերում, խոսելով նոր սահմանադրության անհրաժեշտության մասին, ասել է, որ Անկախության հռչակագրի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորել։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանի պետական քաղաքականությունն առաջնորդվի և ելնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշումից, խաղաղություն երբեք չի լինի:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և «հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---