Համատեղ հայտարարություն․ ՀՀ–ն ու ԵՄ–ն պայմանավորվել են սկսել աշխատել Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ![]() 14 փետրվարի 2024 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել, որի համաձայն ԵՄ-ն հայտնել է իր հանձնառությունը լինելու Հայաստանի կողքին տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ առևտրի, էներգետիկայի և կապի ոլորտներում իր դիմադրողականությունն ամրապնդելու ճանապարհին: Կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: «Եվրոպական Միությունը հայտարարել է լրացուցիչ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու նպատակով։ Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելումն նախորդ ֆինանսական աջակցությանը՝ 12,2 մլն եվրոյի աջակցությանը, որն ուղղված էր հրատապ հումանիտար կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կարիքների համար վերջերս հաստատված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը: Գործընկերության խորհուրդը վերանայել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքը: ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, գնահատել է ձեռքբերված առաջընթացը և խրախուսել է Հայաստանին շարունակել բարեփոխումների իր օրակարգը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու ՀԸԳՀ ողջ ներուժի բացահայտմանը: Գործընկերության խորհուրդը վերահաստատել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը: Գործընկերության խորհուրդը ողջունել է ԵՄ աջակցությամբ արդարադատության բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի, Ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչ օրս Հայաստանում արձանագրված ձեռքբերումները: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ վերջերս Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ պետությունը դառնալը և խրախուսել է Հայաստանին դիտարկել համապատասխան կարողությունների զարգացման հնարավորությունները»,–ասվում է հայտարարության մեջ։ Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութան մեկնարկի Հայաստանի պատրաստակամությունը և վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել լրացուցիչ քայլեր՝ դիտարկելու այդ ուղղությամբ հնարավոր տարբերակները` ի շարունակություն 2023թ. նոյեմբերին կայացած արտաքին հարաբերությունների խորհրդին: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսել է Հայաստանին շարունակել իր ջանքերն այդ ուղղությամբ: ԵՄ-ն ընդգծել է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վարչական կիրառման կարևորությունը, որն ունի նոր և ավելի հաճախ ուղիղ օդային փոխադրումների և երկու կողմերին փոխադարձ տնտեսական շահի ապահովման ներուժ: Կողմերը քննարկել են իրենց տնտեսությունների՝ էներգիայի անցումը դյուրացնելու հնարավորությունները՝ դարձնելով դրանք առավել դիմացկուն և մրցունակ: ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունն՝ ուղղված Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին Հայաստանի մասնակցությանը։ Կողմերը կշարունակեն միասին աշխատել՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի կարողությունները զարգացնելու համար, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում ներդրումների միջոցով, ինչպես նաև ապահովելու միջուկային անվտանգությունը։ Գործընկերության խորհուրդը քննարկել է կրթության, հետազոտության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում գրանցված առաջընթացը։ Կողմերը նշել են հետազոտությունների և նորարարությունների ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության դրական առաջընթացն ու քննարկել են թվային կապակցվածության ոլորտում առկա չիրացված ներուժի օգտագործման հնարավորությունները։ Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ: Կողմերը ընդգծել են նաև Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը։ ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա: ԵՄ-ն ողջունել է տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության քաղաքականությունը, այդ թվում` պետությունների ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը դրված է նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում։ Հայաստանը ողջունել է Հայաստանում ԵՄ առաքելության շարունակական ամրապնդումը։ Կողմերը ընդգծել են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումների լիակատար, անհապաղ և արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |