Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթն ավարտվել է, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության հետ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է․«Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, հետևապես սա պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք», հայտնում է Panorama.am-ը:
Հարությունյանը տեղեկացրել է, որ մրցույթն իրականացվել է առանց ֆինանսական միջոցների, կկնքվի համաձայնագիրը, կսկսվեն 2 ամսվա աշխատաբնքները։
«Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք գտնվում: Ինչպես նաև ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,-ասել է նա։
Տիգրան Ավինյանը, ճշտելով, որ այս փորձաքննությունը նախնական է՝ հիմնական համալիր փորձաքննությունից առաջ, առաջարկել է նախապես նախագիծն ուղարկել շահագրգիռ կառույցներին, որպեսզի հետագայում հիմնական փորձաքննության ընթացքում երկար ժամանակ չվատնեն։