Արա Բաբլոյանը և Արսեն Բաբայանն արդարացվել են

Արա Բաբլոյանը և Արսեն Բաբայանն արդարացվել են

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հղում անելով «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգին: Նշվում է, որ դատական ակտը կայացվել է մոտ 2 ամիս առաջ՝ 2024-ի հունվարի 15-ին։

Ըստ դատավճռի՝ Բաբլոյանի ու Բաբայանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Ըստ մեղադրանքի, Արա Բաբլոյանը, 2018 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Արսեն Բաբայանին մեղադրանք էր ներկայացվել Արա Բաբլոյանին օժանդակելու հոդվածով։ Բաբլոյանի և Բաբայանի գործն առնչվում էր Հրայր Թովմասյանի՝ Սահմանդրական դատարանի նախագահ նշանակվելու հանգամանքին։

Նրանք երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունել։ Արսեն Բաբայանը բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։

Ըստ քրեական գործի՝ Արա Բաբլոյանը և այլ պաշտոնատար անձինք իրենց կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին ՀՀ սահմանադրականի նախագահի պաշտոնում նշանակելու և այդ պաշտոնում մինչև 65 տարեկան պաշտոնավարելու հնարավորությունն ապահովելու նպատակով, կատարելով պաշտոնեական կեղծիքներ, ղեկավարվելով տվյալ պահին ակնհայտ չգործող օրենսդրական կարգավորումներով, ընդունել են գործող Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը, ներկայացրել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությունը և 2018 թվականի մարտի 21-ի հերթական նիստում վերջինս նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---