Նախատեսվում է Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար

Նախատեսվում է Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ցանկություն ունի միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել և Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար: Այդ մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում։

Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում Սանոսյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, հայտնում է Արմենպրեսը։

Աղազարյանը նկատել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագրի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ հեռավորության վրա միջազգային օդանավակայան կառուցելու իրավունք չկա:

Սանոսյանը հայտնել է, որ պայմանագրում նման կետ կա 2001 թվականից, երբ կոնցեսիոն կառավարման է հանձնվել օդանավակայանը:

«Մենք հիմա գործընկերների հետ բանակցում ենք այդ կետի հետ կապված փոփոխություն անելու համար: Մեր մտադրությունն ու ցանկությունն է Կապանի օդանավակայանը ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային չվերթների համար ծառայեցնել: Եվ հիմա բանակցում ենք, որ այս կետում փոփոխություն անենք, և հանելով այդ սահմանափակումը, կարողանանք միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել ու Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային օդանավակայան»,-ասել է նախարարը:

Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հայտնել է, որ այդ կոնցեսիոն պայմանագիրն ավարտին է մոտենում, գալիս է նոր պայմանագիր կնքելու ժամանակը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---