ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ հետ հարաբերություններին, ասել է, որ հիմա բավականին բարդ շրջան է «բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում»։ Այդ մասին Պեսկովն ասել է Aif.ru-ին հարցազրույցում։
«Հայաստանը նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ այդ հայերի, ՌԴ քաղաքացիների տնտեսական ակտիվությունը, մինչ օրս մեծ տոկոս է կազմում Հայաստանի համախառն բյուջեում։ Մարդիկ գումարներ են փոխանցում այնտեղ, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է․․․»,–ասել է նա։
Նա հավելել է, որ Կովկասյան տարածաշրջանը գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։
«Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակ լինի, քանի որ դա չի կարող այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Ուստի, հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունները զարգացնելու քաղաքական կամքը և մենք հաջողությամբ կանցնենք այս բարդ շրջանը»,–ասել է նա։
ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, ամփոփելով ՌԴ նախագահական ընտրությունների նախնական տվյալները, հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը հաղթել է ԱՄՆ–ում և այլ ոչ բարեկամ երկրներում՝ հիշատակելով նաև Հայաստանը։ԿԸՀ ղեկավարը նաև պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել ոչ բարեկամ երկրների թվում։
«Որովհետև, քանի որ Վրաստանում մեծ թվով ռելոկանտներ կան և չկար ընտրատեղամաս, նրանք Վրաստանից Հայաստան էին եկել։ Վրաստանից մեկնել են Թուրքիա, Հայաստան, Ղազախստան»,–ասել էր նա։