12 ապրիլի 2024 - 12:00 AMT
ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցներում ահաբեկչության սպառնալիքի մասին․ Անհանգստանալու հիմքեր չկան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, արձագանքելով դպրոցներում ահաբեկչության սպառնալիքի մասին սոցցանցերում տարածվող լուրին, հայտնել է, որ հանրապետության դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան։ Այդ մասին հայտնել են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ համացանցում, հիմնականում Տելեգրամ ալիքներով, լուր էր տարածվում, ըստ որի երևանյան 17 դպրոցում և 2 առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում։

«Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից: Հորդում ենք ծնողներին և ուսուցիչներին՝ տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել»,- ընդգծել են նախարարությւնից։

ԿԳՄՍ նախարարությունը նախապատրաստվող ահաբեկչության մասին տարածվող տեղեկության մասին հայտնել էր իրավապահներին՝ խնդրելով ստուգել այն։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` իրավապահները ստուգումներ են անցկացնում բոլոր դպրոցներում:

Որոշ դպրոցներում երեխաների մի մասին ծնողները տուն են տարել։

Գերատեսչությունից շեշտել են, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։

Մեդիափորձագետները վստահեցնում են՝ լուսանկարը, որը տարածվում է, հին է և արված է այլ երկրում։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս ամենի հետևում այլ երկրների հատուկ ծառայություններն են կանգնած, որոնք զբաղվում են հիբրիդային, հոգեբանական հարձակումներով։

«Տելեգրամով տարածվում են բավականին սահմրկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչեւ հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել ա։ Եթե կարճ, ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ։ Միակ վտանգը, որ տեսնում եմ, այն է, որ աղմուկը դրդապատճառ չլինի ինչ-որ խախտվածի համար։ Բայց դե մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց»,–գրել է նա։