12 ապրիլի 2024 - 15:53 AMT
2111 բեռնատարի վարորդ տուգանվել է Երևանում չթույլատրված ժամերին երթևեկելու համար

2023–ի նոյեմբերի 13-ից մինչև մարտի 15-ը Երևանում չթույլատրված ժամերին բեռնատարների երթևեկության խախտման 2111 դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, հայտնում է Factor.am-ը։

Դրանցից 11-ն արձանագրել են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները՝ կայացվել է 9 որոշում և 2-ի դեպքում կիրառվել է նախազգուշացում: Արձանագրությունները կազմվել են Մ. Հերացու, Խանջյան, Ագաթանգեղոսի փողոցներում, Իսակովի պողոտայում, Հրազդանի կիրճում։

Տեխնիկական միջոցներով (տեսախցիկներով) հայտնաբերված նմանատիպ իրավախախտումների փաստերով կազմվել է 2100 վարչական տույժ նշանակելու որոշում:

Այս վարչական իրավախախտման արձանագրության դեպքում վարորդները պարտավորվում են վճարել 5000 դրամ։

Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի նոյեմբերի 13-ից արգելել է Երևանի կենտրոնի մոտ 40 փողոցներում և պողոտաներում ժամը 07։00 – 21։00-ն ընկած ժամանակահատվածում առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների երթևեկությունը։