Հայաստանում վիրաբույժների պատրաստման սիմուլյացիոն կենտրոն կստեղծվի։ Այդպիսի որոշում է կայացվել կառավարության նիստում։
«Սա նման մասշտաբի առաջին նախագիծն է Հայաստանում, որտեղ հնարավորություն է ստեղծվելու նորագույն հետազոտական, վիրաբուժական, վերակենդանացման ծառայությունները՝ սարքավորումներով հագեցած, իրական կյանքի իրավիճակներում ունենան կարողություններ, որ մեր թե՛ ռեզիդենտները, թե՛ օրդինատորները սովորելիս կարողանան զարգացնել իրենց գործնական հմտությունները և ավարտելիս ունակ լինեն անմիջապես բուժառուների հետ աշխատելու»,–ասել է նա:
Նախարարի խոսքով՝ կենտրոնում կստեղծվեն անվտանգ պայմաններ սովորելու, սխալվելու, նույն վիրահատական միջամտությունը բազմիցս կրկնելու, ծրագրային լուծումների շնորհիվ պատրաստ լինեն բուժառուների հետ աշխատելուն։
«Ծրագրի ընդհանուր արժեքը 550 միլիոն դրամ է, և մենք 2025 թվականից պատրաստ ենք լինելու այս կենտրոնի դռները բացել ոչ միայն տվյալ բժշկական կենտրոնում աշխատող, սովորող ուսանողների համար, այլ այն նաև հանրապետական նշանակության է լինելու»,–ասել է նա:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ սիմուլյացիոն կրթական կենտրոնը նախատեսվում է բացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է սիմուլյացիոն կրթական կենտրոնի տեղի հարցը տարանջատել և մեկ անգամ էլ քննարկել՝ հաշվի առնելով նաև կրթական նշանակության հանգամանքը:
«Քննարկելու համար կարճ ժամանակ ենք ունեցել, և շատ չենք կենտրոնացել տեղի հարցի վրա: Ես կառաջարկեի՝ եթե հնարավոր է՝ այդ կտորը անջատենք, ևս մեկ անգամ քննարկենք, նոր վերջնական որոշում կայացնենք»,–ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է որոշումն ընդունել առանց այդ կետի և 1 շաբաթ ժամանակ տվել վերջնական որոշման համար: