8 մայիսի 2009 - 23:26 AMT
Խավիեր Սոլանան ու Ժոզե Մանուել Բարոզոն շնորհակալություն են հայտնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի նախագահի ջանքերը
Եվրամիության «Արեւելյան գործընկերության» մեկնարկային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պրահա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 8-ին Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության hարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Հանդիպումների ընթացքում զրուցակիցները կարեւորել են «Արեւելյան գործընկերության» ընձեռած հնարավորությունները` խորացնելու կապերը Եվրամիության հետ, խթանելու առեւտրատնտեսական փոխգործակցությունը եւ դյուրացնելու ներգրավված երկրների հետ Եվրամիության վիզային ռեժիմը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է «Արեւելյան գործընկերության» մեծ պոտենցիալը` խթանելու ներգրավված երկրների միջեւ տարածաշրջանային փոխգործակցությունը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն իր հերթին «Արեւելյան գործընկերության» համատեքստում կարեւորել է հարավկովկասյան երկրների հետ Եվրամիության համագործակցությունը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը` նշելով, որ Եվրոպական հանձնաժողովն ուշադրությամբ հետեւում եւ աջակցում է առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:
Սերժ Սարգսյանը ու Խավիեր Սոլանան կարեւորել են Հայաստան ժամանած եվրոպական խորհրդականների խմբի աշխատանքը: Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Խավիեր Սոլանայի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է ժողովրդավարական գործընթացների շարունակական խորացումը Հայաստանում: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը հնարավորություն կտա լուրջ առաջընթաց արձանագրել նաեւ այդ ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյին է փոխանցել Հայաստան-Եվրամիություն 2009-2011թթ.-երի գործողությունների ծրագիրը: Շուրջ 200 միջոցառում ենթադրող գործողությունների այս ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով հաստատվել էր «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի նախօրեին:
Խավիեր Սոլանան ու Ժոզե Մանուել Բարոզոն շնորհակալություն են հայտնել եւ բարձր գնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի ջանքերը` վստահություն հայտնելով, որ առկա խնդիրների կարգավորումը կբերի ողջ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: