Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում։ Վաղ առավոտյան փակվել էին Տերյան, Վարդանյանց փողոցները։ Տերյան փողոցում կարմիր բերետավորներն ուժի գործադրմամբ բերման են ենթարկել քաղաքացիների, հայտնում է Panorama.am-ը։
Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան։ Քաղաքացիներն աղբամանների օգնությամբ փակել են Մալյան փողոցը, նաև՝ Բաղրամյան պողոտան, Թումանյան–Նալբանդյան խաչմերուկը, Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածը։
Քաղաքացի Իշխան Գևորգյանը, որ մասնակցել է պատերազմին, միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել է դեպի Բարեկամություն տանող ճանապարհը։ Նա շղթայի մի ծայրը կողպեքով ամրացրել է իր ձեռքին, հայտնում է Panorama.am-ը։
Գևորգյանի խոսքով, այդ քայլին դիմել է զոհված զինծառայողի մոր՝ տիկին Գոհարի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով։
Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր. «Գնում եմ բաժին, որ այնտեղ բացատրեմ, որ բոլոր հերոս զինվորի մայրերը նաև իմ մայրն են, ու իրանց չի կարելի նեղացնել»։
Երևանում անհնազանդության ակցիաների արդյունքում 88 քաղաքացի է ոստիկանություն բերման ենթարկվել, հայտնում է Aysor.am-ը։
Մայիսի 12–ի երեկոյան հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ առավոտյան ժամը 08։00-ից փակելու են փողոցներ, դասադուլներ, գործադուլներ են անելու, փորձելու են պարալիզացնել քաղաքն ու ակցիաներ իրականացնել նաև մարզերում։
Սրբազանն ասել էր, որ այս շարժումը դեմ չէ սահմանազատմանը, սակայն այն պետք է տեղի ունենա խաղաղության պայմանագրի կնքումով և ապա սահմանագծմամբ ու սահմանազատմամբ՝ ըստ Հայաստանի օրենքների, միջազգային պայմանագրերի, երաշխավորների ներգրավմամբ և ամբողջական մեկ փաթեթով։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։
Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։
Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։