13 մայիսի 2024 - 15:17 AMT
Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Բողոքի ակցիաների ընթացքում Երևանում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Վերջին տվյալներով, ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի։

ՆԳՆ-ից հայտնել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Մայիսի 13–ի վաղ առավոտից մայրաքաղաքում ու մարզերում անհնազանդության ակցիաներ էին իրականցվում։ Այս գործողությունների մասին մայիսի 12–ի հանրահավաքում հայտարարել էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։