ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել

ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ ասուլիսում ասել է, որ Հայաստանը հավատում է, որ Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրում Ալմաթիի 1991թ․ հռչակագրի սկզբունքներն ամրագրելու եղանակով հնարավոր է վերջ դնել երկարամյա հակամարտությանն ու երկարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։

Միրզոյանը հայտնել է, որ Մալթայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել են Հարավային Կովկասի անվտանգությանը, հայտնում է Արմենպրեսը։

«Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին փուլում եղած զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները։ Այս համատեքստում ընդգծել եմ ապրիլի 19-ին երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից ամրագրված պայմանավորվածությունն առ այն, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը։ Այս պայմանավորվածությունը, իհարկե, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից տարբեր հարթակներում արտահայտած դիրքորոշման վերահաստատումն էր․ դիրքորոշում այն մասին, որ Ալմաթիի հռչակագիրը պետք է լինի երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման գործընթացի հիմքը։

Առաջին անգամ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն այդ մասին պայմանավորվել են Պրահայում 2022 թվականին և դրանից հետո տարբեր հարթակներում հնարավորություն են ունեցել վերահաստատել այս սկզբունքը։ Եվ մենք համոզված ենք, որ խաղաղության պայմանագրում այս սկզբունքի ամրագրմամբ և խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա այս հակամարտությանը և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։

Արարատ Միրզոյանն ասել է, որ խաղաղության կարևոր բաղադրիչ է նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ Հայաստանը ներկայացրել է իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով։

«Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունը, մասնավորապես, առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ իհարկե, հասկանալով, որ բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են, կգործեն այդ երկրների իրավազորության համաձայն և, իհարկե, կարգավորումները կլինեն փոխադարձ և հավասարության սկզբունքին համաձայն»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---