Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է

Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Factor TV-ին ասել է, թե իշխանությունների հետ կհանդիպի, երբ նրանք ցանկանան։

Նա նաև պատասխանել է հարցին, թե որևէ փուլում շարժման ղեկավարությունն արդյոք կփոխանցի՞ քաղաքական ուժերին։

«Թող գան, վերցնեն, ով ցանկանում է։ Ես բոլորի հետ խոսում եմ, բացի իրենց քաղաքական, հասարակական գործիչ լինելուց, անձնական մտերմություն էլ ունեմ բոլորի հետ անխտիր», - ասել է նա։

Լրագրողի հարցին, թե վարչապետի թեկնածուի ընտրության հարցն ինչ փուլում է, ում են առաջադրելու վարչապետի թեկնածու, Գալստանյանը կատակել է՝ «Գագիկ Մելքոնյանին կամ Հովիկ Աղազարյանին» (ՔՊ-ից, խմբ.)։

Նա նաև տեղեկացրել է, որ կաթողիկոսի հետ պարբերաբար հանդիպում է, վերջին անգամ երկու օր առաջ է հանդիպել:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---