Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի

Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի միջև` Արաքս գետի վրա, 2-րդ կամուրջ կառուցելու հարցով աշխատանքային խումբ կստեղծվի։ Կամրջի կառուցման թեման քննարկվել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնյաների հետ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Քննարկմանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Կարեն Բադալյանը‚ հիմնադրամի այլ ներկայացուցիչներ։

Նշվել է, որ հաշվի առնելով ՀՀ-ԻԻՀ սահմանը հատող մեքենաների թվի աճը, ինչպես նաև Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և արդիականացման արդյունքում ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների կանխատեսվող աճի արագ տեմպերը՝ առաջացել է Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման անհրաժեշտություն։

Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են կամրջի կառուցման ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։

Հայկական կողմն ուղարկել է հայ մասնագետների առաջարկվող ցանկը՝ աշխատանքային խմբում ներգրավելու համար։ Ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի և կմշակի կամրջի կառուցման կոնցեպտը։

Հայաստանի և Իրանի միջև գործող կամուրջը կառուցվել է 1995 թվականին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---