14 մայիսի 2024 - 16:20 AMT
Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ >b>Մետտե Ֆրեդերիկսենի հետ` զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը: Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է նաև բազմակողմ հարթակներում շարունակական համագործակցությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Տիկին Ֆրեդերիկսենը հրավերը սիրով ընդունել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ Դանիայում տեղի ունեցած հանդիպմանը զրուցակիցի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցելու հրավերն ընդունելու և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը մասնակցելու համար: