Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա

Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները ներկայում կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում` իրենց անհամաձայնությունը հայտնելով Հայաստան–Ադրբեջան սահմանի սահմանազատման հանձնաժողովների կատարած աշխատանքներին։

3 անձ բերման է ենթարկել։ Այդ մասին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Երեք անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով բերման է ենթարկվել ոստիկանություն, այն է` ոստիկանի օրինական պահանջը չկատարելը»,– նշել է Սարգսյանը։

Կառավարության շենքի մուտքը հսկում են վահաններով մի քանի շարք ոստիկաններ, հարակից տարածքում ևս բազմաթիվ իրավապահներ կան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։ Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Մայիսի 15–ին սրբազանը հայտնել է, որ խորհրդակցում են բոլոր քաղաքական ուժերի հետ, քննարկվում է վարչապետի թեկնածուի հարցը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---