21 մայիսի 2024 - 13:31 AMT
Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ

Մայիսի 21–ին փաստաբանները գործադուլ են անում՝ հրաժարվելով պաշտպանություն իրականացնել դատարաններում և այլ կառույցներում։ Ակցիայի պատճառն օրենսդրական փոփոխությունն է, որով նախատեսվում է բարձրացնել փաստաբանների հարկերը։

Այժմ նրանք վճարում են միայն 5 տոկոս շրջանառության հարկ, նախատեսվող փոփոխություններով կվճարեն 18 տոկոս շահութահարկ և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, հայտնում է «Ազատությունը»։

Փաստաբանների պալատը պնդում է, որ նախատեսվող փոփոխություններով հարկեր պետք է վճարեն նաև անճվար խորհրդատվություն տալու դեպքում։ Այս փոփոխություններն, ըստ նրանց, կմեծացնեն փաստաբանական ծառայությունների համար սակագները։

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հրավիրված մամուլի ասուլիսում ասել է, որ փոփոխությունների մասին փաստաբաններին պատշաճ կարգով չեն տեղեկացրել, հայտնում է Aysor.am-ը։

«Դեռևս 2019 թվականին այսպիսի նախագիծ դրվել էր շրջանառության մեջ, հետագայում այն հանվել է։ Այս տարի ևս այն դրվել է շրջանառության մեջ՝ առանց որևէ հիմնավորման։ Նույնիսկ Փաստաբանների պալատին չէին տեղեկացրել, որ նախագծում կատարվում է փոփոխություն, և փաստաբանական գործունեությունը ենթարկվելու է լրացուցիչ հարկման»,-ասել է Բաբայանը՝ նշելով, որ փաստաբաններն այս մասին տեղեկացել են e-draft համակարգից։

Փաստաբաններն անընդունելի և մտահոգիչ են համարում նախագծի քննարկումն ու ընդունումը ԱԺ-ում։

«Այս նախագծի կիրառման հետևանքով փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է։ Ծառայությունների 38 և ավելի տոկոսով թանկացում կլինի։ ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելին։ Այս պահին ՀՀ դատարաններում ունենք մոտ 250 հազար գործ։ Սա նշանակում է, որ 250 հազար քաղաքացու առնվազն առնչվում է այս փոփոխությունը»,-նշել է Փաստաբանների պալատի նախագահը։