Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը

Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, անդրադառնալով շարժման հասցեին իշխանական պատգամավորների հայտարարություններին, նշել է՝ եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են խորհրդարանի աշխատանքը նվիրում շարժմանը։

Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները՝ մասնագետների կողմից հաղորդում է լինելու, հայտնում է Aysor.am-ը։

«Ադրբեջանական և թուրքական իշխանությունների թեզերը մեկին մեկ կրկնում են։ Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները։ Մասնագետների կողմից հաղորդում է լինելու։ Իրենց համար հավատալու չի, որ մարդիկ կարող են միայն հայրենիք ու պատիվ ունենալու համար փողոց դուրս գալ։ Իրենք այդ դաստիարակությունը չունեն, չեն ապրել դա։ Ով, ինչ խոսում է՝ գնացեք այդ մարդկանց կենսագրությունները նայեք»,-նշել է սրբազանը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև ասել է, որ ՀՀ իշխանական թևից միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կխոսի։ Այդ մասին սրբազանն ասել է՝ պատասխանելով ՀՀ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարարությանը, որն ասել էր, թե Հանրապետության հրապարակից Սուրբ Աննա եկեղեցու բակ տեղափոխվելը շարժման ընդլայնման մասին չի խոսում, գրում է Sputnik Արմենիան։

«Մի մարդ կա, որ հետը խոսելու եմ, ուրիշ մարդ չկա։ Հրապարակում անունը տվել եմ, կխոսի կստանա, չի խոսի ... ։ Մնացածը շոշափուկներ են։ Ես ավել բան չեմ ասում, թե չէ ամբիոնից մի բան կասեն, կգան այստեղ թաքուն ուրիշ բան կասեն»,– ասել է Բագրատ սրբազանը։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և վարչապետի հնարավոր թեկնածու առաջադրելու մասին խոսակցություններին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ։ Սիմոնյանը նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման Բագրատ սրբազանի հետ։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---