Կգույքագրվեն Լոռիում և Տավուշում մշակութային, կրթական և մարզական կառույցների հնարավոր վնասները

Կգույքագրվեն Լոռիում և Տավուշում մշակութային, կրթական և մարզական կառույցների հնարավոր վնասները

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել պատմամշակութային հուշարձանների հնարավոր վնասման հետ կապված մոնիթորինգի աշխատանքներ և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Վերոնշյալ մարզերի աշխատակազմերի համապատասխան վարչությունների հետ համագործակցությամբ՝ կգույքագրվեն կրթական, մշակութային և մարզական ենթակառուցվածքների հնարավոր վնասման հետ կապված խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման տարբերակներ:

Տեղեկատվության ամբողջական հավաքագրումից հետո կկազմվի վերականգնման անհրաժեշտ աշխատանքների ծրագիր՝ ըստ հրատապության և առաջնահերթության: Այս համատեքստում կարևորվել է հատկապես հաջորդ շաբաթվանից մեկնարկող ավարտական և միասնական քննությունների պատշաճ կազմակերպման հարցը: Հաշվի առնելով ստեղծված պայմաններում դիմորդների՝ քննական կենտրոններ հասնելու հնարավոր խնդիրները, քայլեր կձեռնարկվեն համապատասխան աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ համագործակցելով Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ:

Հաշվի առնելով, որ նախնական և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը դեռևս չի ավարտվել, առաջարկվել է ջրհեղեղից տուժած բնակավայրերում, ըստ իրավիճակի, դասերը ժամանակավորապես հեռավար կազմակերպել:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր:

Հորդառատ անձրևներց հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 3 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---