Օվերչուկ․ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան

Օվերչուկ․ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան

PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, պատասխանելով ՀՀ ղեկավարության մի շարք հայտարարությունների ֆոնին Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների մասին հարցին, ասել է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան։

Նա հավելել է, որ Վերին Լարսը նորմալ աշխատում է, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Բացարձակ որևէ ընդհատում չկա։ Վերին Լարսը նորմալ աշխատում է։ Ամեն ինչ կարգին է առևտրի, տնտեսության մեջ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար Մոսկվա է կանչվել։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կորպիրկինի կանչը Մոսկվա, նշել է, որ ՌԴ դեսպանները պարբերաբար գալիս են` խորհրդակցությունների։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորդորել է Փաշինյանին հրապարակավ ասել, թե ՀԱՊԿ կոնկրետ որ երկրներից դժգոհություն ունի։ Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է հնարավորը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---