Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր

Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապատում:

Մայիսի 28–ի առավոտյան Առաջին Հանրապետության տոնի առթիվ իր ելույթում Բագրատ սրբազանն ասել է, որ այստեղ պետք է լիներ Հայաստանի կառավարության ղեկավարը, բայց այստեղ չէ։

Նա 2 պատճառ է նշել, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գնացել Սարդարապատ, հայտնում է Sputnik Արմենիան։

Սովորաբար ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները Սարդարապատ են այցելում առավոտյան, բայց այսօր նրանք դեռևս հուշահամալիրում չեն։ ԶԼՄ–ները գրում են, որ Փաշինյանն այսօր չի գնալու Սարդարապատ։

«Առաջինը երևի այն է, որ նա այլևս որևէ կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Արդեն հռչակել է աբսուրդը պատմական և իրական Հայաստան, երևի սա պատմական Հայաստանի մասն է։ Եվ երկրորդ երևի դրսից թելադրել են, որ չգա Սարդարապատ»,– Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասել է սրբազանը։

Լրագրողների հետ ճեպազրույցից հետո Բագրատ արքեպիսկոպոսը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ծաղիկներ են դրել հուշահամալիրում, ապա աղոթք հնչեցրել, և բոլորը միասին երգել ՀՀ օրհներգը։

Միքայել սրբազանն էլ անդրադարձել է այն հանգամանքին, որ Փաշինյանը չի ժամանել Սարդարապատ։

«Նա փախուստի մեջ է, բա ինչ անի։ Վախկոտը միշտ էլ խուսափում է, իսկ եթե վախկոտ չլիներ, ապա կգար, կհանդիպեր»,– ասել է Աջապահյանը։

Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել են Սարդարապատ, գիշերել հուշահամալիրի տարածքում` մայիսի 28-ին նշելու Հայաստանի առաջին հանրապետության օրը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---