Ուկրաինացի պաշտոնյա․ ՀՀ-ն ճիշտ ժամանակին է ընտրել ինքնուրույն լինելու ճանապարհը

Ուկրաինացի պաշտոնյա․ ՀՀ-ն ճիշտ ժամանակին է ընտրել  ինքնուրույն լինելու ճանապարհը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը AnalitikaUA-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն, ինչ այս պահին անում է Հայաստանը, ցանկացած պարագայում հանգեցնելու է հաջողության։

Շնորհավորելով Հայաստանին Առաջին Հանրապետության օրվա առթիվ՝ ուկրաինացի քաղաքական գործիչը հաջողություն է մաղթել։

«Գլխավոր մաղթանքս է՝ միշտ ճիշտ դաշնակիցների ընտրել և չհավատալ նրանց, որոնք կեղծավոր են։ Կարծում եմ, որ այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ցանկացած պարագայում հանգեցնելու է հաջողության։ Զուր չէ, որ Հայաստանը ճիշտ ժամանակին է ընտրել ինքնուրույն լինելու ճանապարհը»,- ասել է Պոդոլյակը։

Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որը ներքին ուժեղ կամք ունի, որտեղ կա հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա։

«Ինձ համար հաճելի է, երբ կա այդպիսի հզոր ներքին կորիզ, երբ մարդիկ գիտեն, հասկանում են, թե ինչ է Հայաստանը, հասկանում են այն գինը, որ Հայաստանը վճարում է այնպիսին լինելու համար, ինչպես ցանկանում է, իր ազատության համար։ Սա միայն հարգանք, համակրանք և միշտ օգնելու, աջակցելու ցանկություն է առաջացնում՝ ոչ միայն բառերով, այլ նաև գործողություններով»,- ասել է ուկրաինացի քաղաքական գործիչը։

Մայիսի 28–ին Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերը տոնում են Առաջին Հանրապետության օրը։ 1918-ի մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, հայ ազգը, համախմբելով բոլոր ուժերը, դարեր անց կարողացավ վերականգնել պետականությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---