Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ

Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ

PanARMENIAN.Net - Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, հայտնում է Sputnik Արմենիան։

Սոցցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, սակայն ոստիկանները միանգամից «շղթայի» մեջ են առնում հոգևորականներին։

Ընդ որում հրապարակված տարբեր կադրերում երևում է, որ հոգևորականների մուտքը երկու անգամ է խոչընդոտվում։ Սկզբում աստիճանների մոտ մեծ թվով սևբերետավորներ են կանգնեցնում, իսկ աստիճանների վերևում երկրորդ խումբն է սպասում նրանց։

Սարդարապատի հուշահամալիր էր ուղևորվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա այցը սպասվում էր առավոտյան, սակայն դեռ երեկվանից այնտեղ էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ավելի ուշ հայտնել է, որ չնայած ոստիկանների անհարիր պահվածքին, հաջողվել է բարձրանալ հուշահամալիր և Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել։

«Այս օրը հետագայում արձանագրվելու է որպես ամենաամոթալի էջերից մեկը մեր նորանկախ պատմության մեջ, երբ ուժային կառույցներն ամեն ինչ արեցին՝ խոչընդոտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

Հ․ Գ․ քիչ առաջ կադրերում տեսա, որ հանել են Վեհափառ Հայրապետի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից։ Խոսքերն իսկապես ավելորդ են․․․․»,–գրել է նա։

Մայիսի 28–ին Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերը տոնում են Առաջին Հանրապետության օրը։ 1918-ի մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, հայ ազգը, համախմբելով բոլոր ուժերը, դարեր անց կարողացավ վերականգնել պետականությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---