ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին

ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին՝ արձագանքելով Ադրբեջանում հայտարարված համաներմանը, որով ազատ է արձակվել 154 դատապարտյալ։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 25–ին համաներում է շնորհել 154 կալանավորի, սակայն իրենց հիմնական իրավունքների իրացման համար դատապարտվածներն ազատ չեն արձակվել»,–ասվում է հայտարարության մեջ, գրում է Turan.az-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վիճակը նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ Կլիմայի փոփոխության գլոբալ կոնֆերանսի (COP 29) ուշադրության կենտրոնում է, և որ դա հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին և աշխատանքի պայմաններ ստեղծել քաղաքացիական հասարակության համար։ Նշվում է, որ դա նաև բխում է Ադրբեջանի պարտավորություններից։

Պաշտոնական Բաքուն խիստ բացասական է արձագանքել կոչին՝ հայտարարությունն անվանելով «կանխակալ և անընդունելի»։

«Ադրբեջանի նախագահությունը COP29–ում քաղաքական դրդապատճառներով պայմանավորելը հակասում է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում համագործակցության գաղափարի էությանը»,–ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

Ավելի վաղ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դիմել էր միջազգային հանրությանը՝ կոչ անելով չեղարկել COP 29–ի անցկացումը Բաքվում, եթե ազատ չարձակվեն բոլոր հայ գերիները, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Եվրամիության կոմիտեի հայտարարության մեջ նաև ասվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում նկատվում է քաղաքական մեղադրանքներով անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների կալանքների տագնապալի աճ։ Նշվում է, որ հետապնդման են ենթարկվել անկախ ԶԼՄ-ների, ինչպիսիք են Abzas Media, Toplum TV, Kanal 11 և Kanal 13–ի, անկախ արհմիությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նշվում է նաև, որ շատերի կալանքի ժամկետռը բազմակի անգամ երկարացվել է։

«Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին ազատել իրենց հիմնական իրավունքների իրացման համար դատապարտվածներին, արժանապատիվ և անվտանգ պայմաններ ապահովել կալանավորների համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի կառավարությունը շարունակում է այլախոհներին ե անկախ լրագրողներին ահաբեկելու ե լռեցնելու քաղաքականությունը։ Իշխանություններին քննադատողների դեմ բռնաճնշումները սաստկացան, մասնավորապես, նախագահական ընտրություններին ընդառաջ․ Ադրբեջանում ձերբակալվելցին Abzas Media-ի աշխատակիցներն, այդ թվում՝ կայքի ղեկավար Ուլվի Հասանլին։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ե իշխող ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ բացահայտած լրագրողական թիմին ադրբեջանական իրավապահները մեղադրում են արտարժույթի մաքսանենգության մեջ, նրանց սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։

Photo. AP
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---