Փաշինյան․ ՌԴ գործընկերները հավաստիացրել են` երկաթուղին կվերականգնվի հնարավորինս արագ

Փաշինյան․ ՌԴ գործընկերները հավաստիացրել են` երկաթուղին կվերականգնվի հնարավորինս արագ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով հեղեղումների հետևանքով երկաթուղուն հասցված վնասին, հայտարարել է, որ ՌԴ գործընկերները վստահեցրել են, որ երկաթուղին կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում։

«Մոսկվայում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ, մասնավորապես «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար կազմի հետ։ Մեր ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ երկաթուղին հնարավոր ամենասեղմ ժամկետներում կվերականգնվի, ինչը կարծում եմ շատ կարևոր է»,–ասել է Փաշինյանը։

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի հերթական նիստին։

Մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել է 4 էլեկտրակայան և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել է 3 ինժեներական կառույց, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։ Այդ մասին ավելի վաղ հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---