Թանգարանը որպես միջավայր. musæum նախագծի համար Rambalkoshe-ն ու Electric Architects-ը մի ամբողջ թանգարան են կառուցել ATS-ի շենքում

Թանգարանը որպես միջավայր. musæum նախագծի համար Rambalkoshe-ն ու Electric Architects-ը մի ամբողջ թանգարան են կառուցել ATS-ի շենքում

PanARMENIAN.Net - Թանգարանը որպես միջավայր, վայր, որն ազդում է բոլոր զգայարաններիդ վրա, ոչ թե՝ սենյակների հերթականություն, որտեղ ինչ-որ բան արագ նայում ես և դուրս գալիս: Այս սկզբունքով է առաջնորդվել Rambalkoshe-ն՝ այս անգամ Electric Architects-ի հետ գործակցությամբ կազմակերպելով հերթական musæum թանգարանային նախագիծը, որով Total Drama փառատոնն իր դռներն է բացում ATS փոփ-ափ պատկերասրահի տարածքում: musæum-ը կազմակերպվել է ATS-ի հինգհարկանի շենքում, որի բոլոր հատվածները ձևափոխվել են թանգարանի՝ սկսած բակից, վերջացրած նկուղով, ընդհանուր առմամբ՝ մոտ 5000 քմ: Թանգարանը կբացվի մայիսի 31-ին՝ ժամը 18:30-ից, ու կգործի մինչև հունիսի 2-ը ներառյալ, ամեն օր մինչև 23:00-ն (շաբաթ և կիրակի՝ ժամը 11:00-ից):

Rambalkoshe-ի հիմնադիր Վահան Ստեփանյանն ասում է՝ musæum-ն ինչ-որ տեղ իր բողոքն է թանգարանների հանդեպ պետության վարած քաղաքականությանը:

«Պետության կողմից թանգարանների ղեկավարումը զրոյական է, ամեն ինչ փչացնում են, այդ թվում՝ գլոբալ առումով թանգարանի ընկալումը քաղաքացիների մոտ, անում են ամեն ինչ, որ մարդ չուզի թանգարան գնալ», ասում է նա և հավելում. «Եթե նախորդ երկու տարին musæum-ը փոքր ֆորմատ էր՝ ցույց տալու՝ ով ենք մենք և ինչ կարող ենք անել, ապա այս տարի թանգարանային այս նախագիծն այն կետն է, որտեղ ես այլևս չեմ խոսում լավի կամ վատի մասին, այլ՝ ճիշտ ու սխալ եզրերի»,- ասում է նա:

Ստեփանյանի խոսքով՝ այս նախագծով փորձել է ներկայացնել թանգարանի գաղափարին ճիշտ վերաբերմունքի իր տեսլականը, ցույց տալ, թե ինչպիսին պիտի լինի ժամանակակից թանգարանը Հայաստանում:

«Իմ խորին համոզմամբ՝ թանգարանն այնպես պետք է ներկայացվի, ինչպես մենք ենք փորձելու: Խոսքն այստեղ գաղափարին վերաբերմունքի մասին է՝ ամբողջ համակարգի, նավիգացիայի, թանգարան կառուցելու ձևի, թանգարանը որպես միջավայր ներկայացնելու հնարավորության, որ ներս մտնողը պարզապես չգա ինչ-որ բան նայելու ու դուրս գալու, այլ հակառակը՝ թանգարանում այնքան ժամանակ անցկացնի, որքան պետք է: Չեմ կարող հստակ ասել՝ ինչքան ժամանակ, գուցեև ընդամենը 20 րոպե, բայց քեզ պետք է հաճելի լինի այդտեղ գտնվել»,- ասում է Վահան Ստեփանյանը՝ նշելով՝ մտածել են բոլոր մանրուքների մասին:

Ամեն հարկն իր տրամաբանությունն ու ձևն է ունենալու, հարկերից մեկում, օրինակ՝ լաբիրինթոս է կառուցվել, որտեղ ներկայացված են արվեստի տարբեր ձևեր, այդ թվում՝ 29 ժամանոց անընդմեջ թատրոն, որը գործելու է միջոցառման ամբողջ ընթացքում:

«Այնպիսի միջավայր ենք ստեղծել, որ մարդ կարողանա ցանկության դեպքում երկար ժամանակ անցկացնել՝ միաժամանակ հոգալով իր անձնական կարիքները», - ասում է Ստեփանյանը:

Նրա խոսքով նաև՝ 5 concept store է լինելու, որոնք ներկայացնելու են խանութի այն տեսակը, որը չի տարբերվում թանգարանից: Խոսքը Tumo Studios-ի, The Main-ի, «ոչ լույս ոչ մութ»-ի, Nera Project-ի և Vajrapar-ի մասին է:

5 գործընկերոջից յուրաքանչյուրի համար ևս առանձին հատվածներ են ստեղծվել:

Միջոցառման հովանավորներից Sunday Towers-ի համար ցուցահանդեսի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցվի: Բրենդի ու թաղամասի կոնցեպտն ազատ և ուրախ կյանքն է. այստեղ կլինեն ինսատլյացիաներ, որոնք ուրախության, հանգստության էմոցիաներ են հաղորդում, ինչպես նաև իմերսիվ ինստալյացիաներ՝ ուղղված թաղամասի էմոցիոնալ ասպեկտը փոխանցելուն:

Հաջորդ գործընկերն EasyPay-ն է, որը, բացի այն, որ թույլ կտա փառատոնի ընթացքում բոլոր կետերից գնումներ կատարել 20% զեղչով, նաև իմերսիվ ինստալյացիա է ունենալու՝ փոքրիկ տնակ, ամբողջությամբ պատված սպունգով, որտեղ, նստելով բազմոցին, հնարավոր կլինի հետևել, թե ինչ է կատարվում թանգարանում: Իսկ Canate-ի կահույքագործները թատրոնի սիմվոլն են տեղադրելու բակում՝ հսկա աթոռ, որի վրա նաև ցանկության դեպքում բարձրանալու և նստելու հնարավորություն է լինելու: Օդափոխության համակարգերով զբաղվող Termoros Armenia-ն էլ հանել է շենքի պատուհաններն ու այն ամբողջությամբ օդափոխելու է բնական միջանցուկ քամու միջոցով: Իսկ «լուսավորելու» է միջոցառումը Candela Light ընկերությունը՝ թանգարանային յուրահատոււկ լուսավորություն ստեղծելով:

Rambalkoshe-ն պարզապես ժամանակակից արվեստի թանգարան չէ. այն կրեատիվության և համագործակցության վառ հաբ է, որն առաջնորդվում է անհատների ընտանիքի կողմից, որոնք տարված են ձայնի ու ձևի միջոցով էմոցիաները բացահայտելով:

Electric Architects բյուրոն ստեղծվել է 2011-ին՝ Մարիաննա Կարապետյանի կողմից, և այժմ համախմբում է տասնյակ ճարտարապետների, քաղաքային պլանավորողների, ինտերիեր և լանդշաֆտային դիզայներների: Այստեղ նախագծերն ընկալվում են որպես կինոմատոգրաֆիկ ճամփորդություն` իրենց յուրօրինակ սցենարով, տեսական նախադրյալներով և ամենափոքր դետալների հանդեպ նրբանկատությամբ:

Total Drama փառատոնը, իր հերթին, Electric Architects բյուրոյի համադրած ամիսն է ճարտարապետական գրադարանի հանրային ծրագրի շրջանակում: Այն ուղղված է` ուսումնասիրելու ճարտապետության թատերականությունը և թատրոնի տարածականությունը: Եռօրյա ցուցահանդեսից հետո հետագա օրերին փառատոնը կծավալվի տարատեսակ միջոցառումների տեսքով` վարպետաց դասեր, դասախոսություններ և քննարկումներ, քաղաքային ժամանակավոր կառույց, կինոդիտում և բեմադրություն:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---