Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է

Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնել է, որ ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը պարտքի վճարելուց հետո Հայաստանի հանրային մուլտիպլեքսում վերսկսվել է։

Հայաստանի տարածքում ժամանակավորապես դադարեցվել էր ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը: Դա բացատրվել էր նրանով, որ ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2․5 ամսվա պարտք։

«Դուք գիտեք, որ հունվար ամսից, երբ ես ստանձնեցի նախարարի պարտականությունները, մենք մի քանի հանդիպում ենք անցկացրել ՀՀ–ում գործող հայաստանյան հեռուստաալիքների ղեկավարների հետ, որոնք հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում են։ Բոլորին հայտնել ենք, որ պատրաստ ենք հոգ տանել իրենց մասին տարբեր մեխանիզմներով, բայց մեզ համար կա մեկ «կարմիր գիծ»՝ դա Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին վճարվող գումարն է։ Բոլոր այն հեռուստաալիքների նկատմամբ, որոնք չեն կատարում իրենց ֆինանսական պարտավորությունները, սանկցիաներ են կիրառվում։ Սանկցիաների տակ ընկել են մի շարք հայկական հեռուստաալիքներ։ Սա տխուր փաստ է»,– նշել է Հայրապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով այդ հանգամանքը փաստում է այն մասին, որ ոլորտը բարդ ու խոցելի իրավիճակում է, այդ թվում գովազդային շուկայի բարդությունների պատճառով, և ոչ միայն։ Նախարարը վստահեցրել է` իրենք դիտարկում են հեռուստաընկերություններին օգնելու տարբերակները։

Ռուսական կամ այլ ընկերություններ, Հայրապետյանի խոսքով, նույնպես պետք է հետևեն այդ կանոններին։

Նա տեղեկացրել է, որ ռուսական Առաջին ալիքին մի քանի ծանուցումից հետո 2․5 մլն դրամի պարտքը չէր վճարվել, և իշխանությունները ստիպված են եղել դադարեցնել հեռարձակումը։

«Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը, և հաջորդ օրը հեռարձակումը վերսկսվեց»,– ասել է Հայրապետյանը:

Նա կոչ է արել այս հարցը չշփոթել այլ հարցերի հետ, որովհետև սա ամենօրյա աշխատանքի դրվագներից մեկն է։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---