Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ

Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջ առողջություն և ուժ` ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու գործում։

Նա նշել է, որ ակնկալում է շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ։

«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և Ձեր երկարամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Եվ այն մեզ միշտ անսխալ ցույց է տվել մերձեցման և համագործակցության ուղին։ Եթե գնանք այս ճանապարհով, եթե հետևենք մեր փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել։ Արդեն զգալի հիմքեր են ստեղծվել»,–ասվում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում։

Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտում առկա զարգացումներն ամենաբարձր մակարդակով աջակցության շնորհիվ լրացուցիչ հնարավորությունների հորիզոններ կբացեն Երևանի և Մինսկի համար։

«Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հարցերի լայն շրջանակի շուրջ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում: Խաղաղություն և բարօրություն ձեր հարազատներին և ընկերներին, ողջ բարեկամ հայ ժողովրդին»,- ասվում է ուղերձում։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

 Ուշագրավ
---