«Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը

«Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը

PanARMENIAN.Net - Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարը՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր, հայտնում է Արմենպրեսը։

Առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցել են ՀՀ–ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը, Ուզբեկստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։

Անդրադառնալով միջոցառման կարևորությանը և Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությանը՝ ՏԿԵ նախարարությունից ասել են, որ «կառավարության կողմից մշտապես կարևորվել են տրանսպորտային փոխկապակցվածության և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը»։

Նախարարությունից նաև հավելել են, որ համապատասխան մեխանիզմներ մշակվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

«Հիշյալ ուղղությամբ պրակտիկ քայլերը, կառուցողական ջանքերը ՀՀ կառավարության համար խրախուսելի են: Կարևորում ենք դրանց շարունակականության ապահովումը: Ընկերությունը (խմբ․ Gold Way) իրականացրել է նոր երթուղով բեռնափոխադրում, որը միանշանակ ողջունելի է»,- ասել եոն ՏԿԵ նախարարությունից։

Բեռնափոխադրումն իրականացրած կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմեն Սահակյանն իր խոսքում նշել է, որ ընկերությունը երկար փնտրտուքներից հետո կարողացել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում՝ Չինաստանից Հայաստան ցամաքային բեռնափոխադրումների գործընթաց կազմակերպել։

Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---