Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Երևանի քրեական դատարանը, Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է դատախազության միջնորդությունը «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ։

Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամսով կալանք կիրառելու պահանջով։

«Ընտրված խափանման միջոցը պետք է մնա անփոփոխ։ Դատարանը չտեսավ այնպիսի հիմնավորումներ, որ մեղադրանքի բովանդակությունը պարունակող ենթադրյալ խուլիգանական գործողությունները շարունակում են կատարվել»,-հայտնել է նիստը նախագահող Արման Հովհաննիսյանը, գրում է Aysor.am-ը։

Դիմելով մեղադրյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, դատավորն ասել է՝ թողնում է նրանց իրավագիտակցության վրա, թե որքանով կհարգեն դատարանի որոշումը։

Ավելի վաղ նրանք կալանավորվել էին, քանի որ, ինչպես հայտնել էր Քննչական կոմիտեն, մարտի 20-ին ինտերնետային YouTube-ում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրն Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Դեպքի առթիվ ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---