ՍԱՏՄ-ն հսկում է, որ ջրհեղեղի հետևանքով սատկած կենդանիները չհայտնվեն վաճառակետերում

ՍԱՏՄ-ն հսկում է, որ ջրհեղեղի հետևանքով սատկած կենդանիները չհայտնվեն վաճառակետերում

PanARMENIAN.Net - Սննդի անվտանգության տեսչական մարմինը՝ ՍԱՏՄ–ն ուժեղացված հսկողություն է իրականացնում, որպեսզի ջրհեղեղի հետևանքով Լոռիում ու Տավուշում սատկած կենդանիները չհայտնվեն վաճառքի կետերում։ Այդ մասին հունիսի 3–ին Ալավերդու համայնքապետարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախնական տվյալներով՝ Լոռու մարզում աղետի հետևանքով սատկել է 192 գլուխ խոզ, 50 խոճկոր, մոտ 850 հավ, 143 մեղվափեթակ, 300 գլուխ ճագար, ինչպես նաև 16 խոշոր եղջերավոր կենդանի, հայտնում է «Ազատությունը»։

Արման Խոջոյանը հորդորել է քաղաքացիներին անկած կենդանիներ հայտնաբերելու դեպքում զանգահարել 118 հեռախոսահամարով և հայտնել գտնվելու վայրը, որ մասնագետները մոտենան՝ իրականացնելու ոչնչացման աշխատանքներ՝ թաղման եղանակով։

Նախարարի տեղակալի խոսքով՝ այժմ գույքագրում են կորուստները գյուղատնտեսության ոլորտում։

«Փորձում ենք ընտրել այն արդար մեխանիզմները, որը կարտացոլի և՛ կորուստը, և՛ հետագայում վերականգնողական աշխատանքները, որովհետև մենք հասկանում ենք, որ ոչ միայն կորստի վերականգնումն է անհրաժեշտ, այլև որպեսզի հետագայում տնտեսվարողը հնարավորություն ունենա շարունակել իրենց աշխատանքը», - ասել է փոխնախարարը՝ առանց հստակեցնելու, թե ինչ փոխհատուցումներ կամ արտոնություններ կսահմանվեն տուժածների համար։

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---