Փոխնախարար․ Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն գործնական փուլում է

Փոխնախարար․ Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն գործնական փուլում է

PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է, որ Հայաստանը գործնական փուլում է Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում։

Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում շատ կարևոր ուղղություններ են Հայաստանի հասանելիությունը դեպի Հնդկաստան և Ծոցի երկրներ, հայտնում է Արմենպրեսը։

«Սա վերաբերվում է նաև Հայաստանի նպատակաուղղվածությունը դիվերսիֆիկացնելու մեր արտահանման շուկաները, որը նաև պետք է ընդգծել ԵԱՏՄ համատեքստում և դեպի Կենտրոնական Ասիա Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցության էլ ավելի սահուն ապահովման առումով»,- ասել է ԱԳ փոխնախարարը։

Ինչ վերաբերվում է Չաբահար նավահանգստի ինտեգրման նախագծին՝ Կոստանյանը տեղեկացրել է, որ այս պահին գործնական փուլ են մտել և վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է էկոնոմիկայի նախարարը։

«Քաղաքական առումով արտաքին գործերի նախարարությունը չափազանց կարևորում է այս նախագծին Հայաստանի ներգրավումը։ Կլինի առանձին մաքսային կայան Չաբահարում, թե պետք է օգտվել հնդկական արդեն իսկ գործողին՝ այս մասով քննարկումներ են ընթանում և որոշակի ուսումնասիրություններ են տեղի ունենում և վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,- եզրափակել է Կոստանյանը։

Ավելի վաղ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան հայտարարել էր, որ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով Հայաստանից հստակ առաջարկներ ստանա։

Մայիսի 13–ին Իրանն ու Հնդկաստանը Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի վերազինման և շահագործման մասին երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել։ Չաբահարի նավահանգիստը Հնդկաստանի և Իրանի համագործակցության առաջատար նախագծերից է, որի նպատակն է տարանցիկ առևտրի կարևոր հանգույց դառնալ նաև դեպի ծով ելք չունեցող Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Հնդկաստանը առանցքային դեր է ունեցել Չաբահարի նավահանգստի զարգացման և շահագործման գործում:

Հայաստանում միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծվել է 2023–ին՝ Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու (ՄԲՄԱԵ) գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---