Սինանյան․ Բանակում ծառայելու օրենքում փոփոխությունները սահմանափակել են հայրենադարձությունը

Սինանյան․ Բանակում ծառայելու օրենքում փոփոխությունները սահմանափակել են հայրենադարձությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ԱԺ–ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է, որ բանակում ծառայության մասին օրենքում 2023–ի վերջին ընդունված փոփոխությունները սահմանափակել են սփյուռքահայերի հայրենադարձությունն ու քաղաքացիություն ստանալը։

Նա նշել է, որ եղել են դեպքեր, երբ Հայաստան են վերադարձել «Ի գործ» պետական ծրագրով, սակայն նրանցից պահանջել են ծառայել բանակում կամ կատարել համապատասխան վճարումներ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք ժամանակին դեմ ենք արտահայտվել այդ օրենքին, բայց հիմա չենք կարող այն խախտել։ Այդ պատճառով աշխատում ենք այլ գերատեսչությունների մեր գործընկերների հետ և փորձում ենք ինչ-որ լուծում գտնել»,- հայտարարել է Սինանյանը։

Նա հավելել է, որ «Ի գործ» ծրագրի շրջանակում վերջին 4 տարում Հայաստանի պետական գերատեսչություններում աշխատանքի է անցել մոտ 200 մասնագետ, որոնցից մոտ 140-ը մնացել է Հայաստանում, իսկ մոտ հինգ տասնյակը, ավարտելով ծրագրով նախատեսված մեկ տարին, շարունակել են աշխատել պետական ապարատում:

Օրինագիծն ընդունվել է 2023 թվականի վերջին և վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվում զինվորական ծառայությունից խուսափելու համար: 27 տարին լրանալուն պես նրանք կարող են վերադառնալ Հայաստան և խուսափել հետապնդումից՝ ծառայելով երկու տարի կամ 12 ամիս և վճարելով 2.5 մլն դրամ։ Այլ տարբերակներն են՝ 6 ամիս ծառայություն և 5 մլն դրամ վճարում, 1 ամիս և 10 մլն դրամ և 15 մլն դրամ վճարում՝ առանց ծառայության:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---