Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած

PanARMENIAN.Net - Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է չկայացած, հայտնում է Հանրային հեռարձակվողի խորհուրդը։

Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ։

Հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։

Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։

Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չստացավ հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշել է մրցույթը համարել չկայացած։

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է ապրիլի 8-ին, մարտին հայտարարել էր, որ մասնակցելու է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին։

Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, արձագանքելով մրցույթի արդյունքներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կրկին մասնակցելու է նոր դրան։

Նա նաև գրել է, որ Խորհուրդը պետք է հրաժարական տա, քանի որ «ստեղծված իրավիճակում, ներկայիս կազմով չի կարող ապահովել Սահմանադրությամբ երաշխավորված Հանրայինի անկախությունը»։

«Լիահույս եմ, որ Խորհրդի անդմաներն այս տեքստն առանձին-առանձին են ընթերցում և գոնե կմտորեն դիմում գրելու շուրջ։ Նրանց ճանաչող և նրանց վրա քաղաքական, թիմային, գործընկերական, բարեկամական ազդեցություն ունեցող անձանց հորդորում եմ, հեղինակության ողջ պաշարն օգտագործելով, մղել նրանց լիազորությունները վայր դնելուն։

Եթե այդպիսի ազդեցություն ունեցողների մեջ կան մարդիկ, ում համար սկզբունքային է նաև իմ չլինելը, ապա ստեղծված իրավիճակի համապարփակ և վերջնական հանգուցալուծման նկատառումներից ելնելով խոստանում եմ, որ եթե ողջամիտ ժամկետներում ՀՀԽ բոլոր անդամները հրաժարական տան, ես նոր մրցույթին չեմ մասնակցի ու էլ չեմ հավակնի ստանձնել Ընկերության ղեկը։ Կգնա խորհուրդը, կանհետանամ նաև ես»,–գրել է նա։

Հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին, որին արձագանքելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն ասել էր, որ դա «լավ ժուռնալիստիկա չէր»։ Անդրադառնալով բուն հարցազրույցին՝ նա նշել էր, որ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք՝ «մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ, թուրքերը կոտորում են հայերին, այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչել է «եկեք դադարենք հայ լինելը»:Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։ ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինը խախտում չհայտնաբերեց։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---