ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել

ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել

PanARMENIAN.Net - Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել: Այդ մասին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն, տեղեկացնում է Factor.am-ը։

Լոռու մարզում տեղատարափ անձրևներին հաջորդած հեղեղումներից հետո Ալավերդի և հարակից տուժած այլ համայնքների բնակիչներից ոմանք լրատվամիջոցների հետ զրույցներում կարծիք էին հայտնում, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է եղել, ինչի մասին դեռևս ապրիլի 19-ին նախազգուշացրել է Լոռու մարզպետարանի էջը։

«ՁորաՀԷԿ»-ից մարզպետարանի միջոցով հերքեցին, որ աղետի հետ կապ չունեն և ջուր բաց չեն թողել։ Չնայած հավաստիացումներին, որ «ՁորաՀԷԿ»-ը կապ չունի Դեբեդի և Աղստևի վարարումների հետ, այնուամենայնիվ, աղետից տուժած որոշ բնակիչներ տարբեր լրատվամիջոցների հետ զրույցումներում շարունակում էին կասկածի տակ դնել այդ պնդման ճշմարտացիությունը։

Factor.am-ը նախարարությունից փորձել էր պարզել, թե Դեբեդ և Աղստև գետերի վարարումից և հարակից տարածքների հեղեղումից առաջ որքա՞ն ջուր է եղել կուտակված «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակում, արդյո՞ք մայիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ջրի վթարային բացթողում իրականցվե՞լ է, եթե այո՝ ինչ ծավալով։

ՏԿԵՆ-ից հայտնել են, որ գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակը, որի ծավալը կազմում է ընդամենը 200,000 մ3, եղել է ամբողջական լցված վիճակում։ Նախարարությունից նաև հավաստիացրել են, որ մայիսի 20-27-ն ընկած ժամանակահատվածում «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակից ջրի բացթողում չի իրականացվել, այդ ընթացքում կայանն աշխատել է իր բնական ռեժիմով՝ ըստ ջրի հոսքի։

Ապրիլի 19-ին Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրվել, որ «ՁորաՀԷԿ»-ի շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ մինչև օգոստոս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից։ Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում ապրիլի 19-ին հրապարակված այս հայտարարության առնչությամբ նախարարությունից պարզաբանել են, որ մեկ օր առաջ՝ ապրիլի 18-ին, «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ի տնօրենից ստացած նամակը փոստային տարբերակով փոխանցել են Լոռու մարզպետարան, որն էլ տվյալ տեղեկատվությունը որպես շրջաբերական ուղարկել է համայնքներին, ինչպես նաև իրազեկել մարզպետարանի ֆեյսբուքի էջով։

Նախարարությունից նաև փոխանցել են, որ «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---