Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում

Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում

PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով, այլ ցուցակները կհրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերում։

Նախագծի կարիքը պայմանավորված է թղթային տեղեկացումների նամակներից ազատվելու անհրաժեշտությամբ:

Քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները կտեղադրվեն վերոնշյալ գերատեսչությունների պաշտոնական կայքերում:

Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ վերջնական ցուցակը՝ նաեւ ընտրական տեղամասի համարի եւ տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը:

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով նախագաիծը, տեղեկացրել է, որ հետագայում ԿԸՀ-ն նաև որոշակի հավելվածի զարգացման առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարող է ծանոթանալ իր ընտրատեղամասի հասցեի և գտնվելու վայրի հետ կապված տեղեկատվությանը, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ դրա նախնական դրսևորումները ներկայումս տեղադրված են ԿԸՀ-ի պաշտոնական կայքում:

Գործող կարգով ընտրական ցուցակները փոխանցվում էին «Հայփոստ» ՓԲԸ-ին, վերջինս թղթային եղանակով ծանուցումներ էր ուղարկում:

«Դրանք շատ դեպքերում չեն հասել, շատ դեպքերում վերադարձվել են` չպահանջված նշումով: Տեղեկացման այս եղանակն այլեւս արդյուանվետ չէ, նաեւ էական ծախս է պետբյուջեի համար»,- ասել է նա։

Նա նաև տեղեկացրել է, որ Երեւանի ավագանու 2023ի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է մոտ 270 մլն դրամ՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 827,000 ընտրողի պարագայում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---