2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ»

2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ»

PanARMENIAN.Net - Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ «Գիտության շաբաթ», որը միջազգային ձևաչափ է։ Այն նախաձեռնել և իրականացնելու է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ԿԳՄՍՆ-ի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ գործակցությամբ։

«Գիտության շաբաթը» հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը:

Գիտության շաբաթն անցկացվելու է հոկտեմբերի 1-6-ը Երևանում և բոլոր մարզերում։

Հայաստանում առաջին «Գիտության շաբաթը» խորհրդանշելու է գիտության և հասարակության միջև կապը։ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը». սա և՛ այս տարվա թեման է, և՛ այն առանցքային նպատակը, որին ուղղված է լինելու Գիտության շաբաթ նախագիծը։

«Գիտության շաբաթվա» ընթացքում նախատեսվում է անցկացնել ապակենտրոնացված միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում, ինչպես նաև Երևանի Ազատության հրապարակում բոլոր 6 օրերի ընթացքում տեղի կունենա Գիտության փառատոն։

Փառատոնը բաժանված է լինելու 3 թեմատիկ մասերի.

- Գիտությունն ամենուրեք է, հոկտեմբերի 1-2

- Մասնագիտական կողմնորոշում, հոկտեմբերի 3-4

- Գիտական Ֆանտաստիկա, հոկտեմբերի 5-6

«Գիտուժ» նախաձեռնության առաքելությունն է հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Գիտության հանրահռչակման համազգային միասնական հարթակ ստեղծելն այս առաքելությանը հասնելու կարևոր քայլերից մեկն է։

«Գիտուժը» հանրային նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2021 թվականին։ Այս պահին ավելի քան 190 ընկերությունների հիմնադիրներ և ձեռներեցներ, ինչպես նաև 24 ասոցիացիաներ ու հիմնադրամներ տեխնոլոգիական, բիզնես և այլ համայնքներից միավորվել են «Գիտուժի» օրակարգի շուրջ: Համայնքը շարունակում է անընդհատ մեծանալ։

«Գիտուժի» օրակարգը բյուրեղացված է իր առաքելության և տեսլականի մեջ։ Հայաստանում գիտության/ԳՀՓԿ աշխատանքների քաղաքականության մշակման, պետական հատկացումների ավելացման, ինչպես նաև գիտության հանրահռչակման համար «Գիտուժ» նախաձեռնության ջանքերը խթան են հանդիսացել այս օրակարգում մի շարք առաջընթացների համար:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---