Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները

Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, ըստ որի ՌԴ–ն հայ խորհրդարանականներին կոչ է անում ներկայացնել «Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը», ասել է, որ ստեր չի մեկնաբանում։

«Ես ստեր չեմ մեկնաբանում, նա սուտ է խոսում»,- ասել է Սիմոնյանը, գրում է Aysor.am-ը։

Սիմոնյանը պնդել է, որ Հայաստանից ոչ մի տեղ պատվիրակություն չի գնացել՝ այդ ցուցակի առնչությամբ։

«Բայց փոխարենը կարող եմ խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը ՌԴ ԱԳՆ-ին կամ տիկին Զախարովային փոխանցի, օրինակ, ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները։ Կարող եմ էն 100,000-ից ավելի փախստականների անունները փոխանցել, եթե իրենց հետաքրքիր է՝ այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում։ Բայց, ընդհանուր առմամբ, ես աբսուրդներ և ստեր, որն արդեն գործելաոճ է դարձել, չեմ մեկնաբանում»,- ասել է Սիմոնյանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ է արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։

«Մենք հուսով ենք, որ հայկական կողմը, պաշտոնական հայկական պատվիրակությունը, կկիսվի ռուսական կողմի հետ այն մարդկանց ցուցակով, որոնք այնտեղ իբր զոհվել են։ Մենք 2 տարի է չենք կարողանում դրան հասնել, որպեսզի որևէ մեկը, այդ թվում ՄԱԿ–ը, ներկայացնի այն մարդկանց տվյալները, որոնք իբր այնտեղ զոհվել են»,–ասել է Զախարովան։

Հունիսի 2-ին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել էին Բուչա։ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկը պատգամավոր Ալինա Սարանյուկի հետ միասին դիմավորել էին հայկական պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին Բուչայի և Երևանի համագործակցության բարելավման հնարավորությունները: Հայկական պատվիրակությունը նաև դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն էր փոխանցել ուկրաինական կողմի բուժհաստատություններին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---