10 հունիսի 2024 - 11:37 AMT
Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային

Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ հայկական պատվիրակության՝ Բուչա այցի կապակացությամբ Մոսկվայի բողոքի նոտայի մասով։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է՝ իր հանդիպումներում համոզվել է, որ «Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային»։

«Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար. որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ` մեկնել եմ Ուկրաինա և հանդիպել եմ թե՛ ՏԻՄ իշխանությունների, թե՛ հայ համայնքի հետ: Եղել եմ նաև Բուչայում՝ մարդասիրական օգնություն փոխանցելու համար: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ:

Իմ հանդիպումներում համոզվել եմ՝ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային. Ուկրաինայում բոլորն այս պատերազմը համարում են պայքար` հանուն անկախության և ինքնիշխանության:

Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը: «Հանրապետություն» կուսակցությունը մշտապես պաշտպանել է ժողովրդավարական արժեքները և՛ երկրում, և՛ երկրից դուրս»,–գրել է թաղապետը։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կապարետյանը Բուչա էին այցելել հունիսի 2–ին։ Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն էր նվիրաբերել Բուչայի բժշկական հաստատություններին։ Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի արիությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում։ Երևանն ու Նոր Նորքի շրջանը միշտ սատարել են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած քաղաքներին։ Այս հումանիտար օգնությունը մեր համերաշխության մի փոքր մասն է միայն»,–ասել էր Տեր–Մարգարյանը Բուչայի քաղաքապետարանում հանդիպման ժամանակ, ըստ Բուչայի քաղաքապետարանի հաղորդագրության։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ է արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։